01-05-2017 10:58

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը (Լուսանկարներ)

Կիրակի երեկոյան Երևանում տեղի է ունեցել մեծ համերգ, որն անց է կացվում արդեն վեցերորդ տարին անընդմեջ՝ Ջազի միջազգային օրվա կապակցությամբ:
Կասկադի տարածքում կազմակերպված համերգը հավաքել էր հազարավոր ջազի սիրահար երևանցիների և արտերկրյա հյուրերի:

 
Հայկական և համաշխարհային ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրը ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգին ելույթ են ունեցել ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:

 
Ջազի սիրահարների համար իսկական անակնկալ էր ամերիկացի հայտնի սաքսաֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթը:
Հանդիսատեսի համար իսկական տոնի վերածվեց համաշխարհային հռչակ ունեցող ամերիկացի սաքսաֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթը, ով հանդես եկավ Արմեն Ուսնունցի գլխավորած Երևանի Պետական ջազ նվագախմբի հետ, և մի քանի հանրահայտ ստեղծագործություն կատարեց բազմահազարանոց հանդիսատեսի համար, որ չնայած օրվա ուշ ժամին հավաքվել էր բաց երկնքի տակ:

   

« Ինձ համար մեծ պատիվ է Երևանում այս տոնը նշելը: Մոլորակի այս հատվածում Հայաստանը համար առաջինն է՝ ջազային երաժշտության ոլորտում»,- ասել է երաժիշտը:
Ֆրիմանը հանդիսատեսից հետաքրքրվել է, արդյո՞ք նրանք տիրապետում են անգլերենին, սակայն նրա ելույթը ևս մեկ անգամ ապացուցել է, որ երաժշտությունը մի ունիվերսալ լեզու է, որը հասկանալի է բոլորին:
Երաժշտին շատ բան է կապում մեր երկրի հետ: Այսպես, նրա կինը ազգությամբ հայուհի է, իսկ ինքը Ֆրիմանը, դեռևս 2014 թ. միացավ այն հայտնիներին, ովքեր կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 
Ընդհանուր առմամբ համերգը ջազի սիրահարների համար իսկական տոնի էր վերածվել: Ավելի քան չորս ժամ տևած համերգին մեկ բեմում ելույթ էին ունենում Հայաստանի շատ անվանի ջազմեններ և ջազ-բենդեր՝ այնպիսիք, ինչպիսին է Երվանդ Երզնկյանի գլխավորած Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը, «Time Report» էթնո-ջազ կվինտետը, հանրահայտ ջազմեն Գարի Քյոսայանը, Արմեն (Չիկո) Թութունջյանը, Վահանգ Հայրապետյանը:

 

Հավաքվածները նաև ընդգծեցին երաժշտության զարգացման գործում Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի և Հայաստանի ժողովրդական արտիստ Մավիսակալյանի մեծ ավանդը:
Ջազի առաջին միջազգային օրն(International Jazz Day) անցել է 2012թ.:
2011թ. Նոյեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գերագույն համաժողովը հայտարարեց ապրիլի 30-ը իբրը նոր տոնական օր հռչակելու մասին: Երևանում Ջազի միջազգային օրը մեծ շուքով և համաշխարհային աստղերի մասնակցությամբ նշվում է արդեն 6-րդ տարին անընդմեջ: