05-10-2016 17:18

Սուրբ Խաչ եկեղեցին կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Արևմտյան Հայաստանի (ժամանակակից Թուրքիա) Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում, ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

«Այս ամառ մեզ համար մի քանի նշանակալի իրադարձություններ են կատարվել, որոնք կապված են մեր պատմական հայրենիքի հետ։ Խոսքը, մասնավորապես, Անին ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային համաշխարհային ժառանգության ցուցակում Անին ընդգրկելու մասին է։ Բացի այդ, այս տարի Թուրքիան պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ–ին` Վանը ցուցակում ընդգրկելու առաջարկով»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։

Նա ավելացրեց, որ դեռևս նախորդ դարի 80–ական թվականներին այդ ցուցակում են ընդգրկվել հայկական Նեմրութ սրբատեղին, իսկ Անին դարձել է Թուրքիայի տարածքում գտնվող և ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված արևմտահայկական առաջին համալիրը։

Փորձագետի կարծիքով, Սուրբ Խաչ եկեղեցին բավարարում է այդ հեղինակավոր միջազգային կազմակերպության բոլոր չափանիշներին։

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկվելը կարևոր նշանակություն ունի, քանի որ այդ դեպքում պատմամշակութային հուշարձանները գտնվում են մշտական ուշադրության և միջազգային վերահսկողության ներքո։ «Կարելի է ասել, որ դա հուշարձանների պաշտպանության երաշխիք է»,– ավելացրեց թուրքագետը։

Ըստ նրա, Թուրքիայի տարածքում գոյություն ունեն բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնց գտնվում են ավելի անմխիթար վիճակում։

«Վատ վիճակում գտնվող կարևորագույն հուշարձաններից մեկը, բայց որը դեռևս պետք է վերականգնել, Վարագավանքն է (Վան, Արևմտյան Հայաստան)։ Մի քանի տարի առաջ Վարագավանքը, որը կարևոր ուխտատեղի էր համարվում, օգտագործվում էր որպես ախոռ։ Երբ հայերը սկսեցին այցելել վանք, այնտեղ ապրող ընտանիքներից մեկը ստանձնել էր հուշարձանի պահպանումը, ինչից հետո վանքը մաքրվել էր և կարգի բերվել»,– նշեց Պետրոսյանը։

Թուրքագետը նշեց, որ հայկական պատմամշակութային հուշարձանների մեծ մասը ոչնչացվել է Թուրքիայի տարածքում ոչ միայն Ցեղասպանության տարիներին, այլ նաև 1960–ականներին։

Հայկական Սուրբ Պաչ եկեղեցին վերականգնվել և վերաբացվել է 2010 թվականին թուրքական կառավարության օժանդակությամբ, և այդ պահից ի վեր Պատրիարքարանը տարին մեկ անգամ` սեպտեմբերի առաջին կիրակի օրը, այնտեղ պատարագ է մատուցում։ Սակայն այս տարի արդան վեցերորդ անգամ ծրագրված արարողությունը պետք է առանձնահատուկ դառնար, քանի որ պետք է անցկացվեր Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի տարում։