16-07-2016 09:42

Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից: Հայտը ներկայացրել էր Թուրքիան:

«Համոզվեցինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության 40-րդ նիստի բոլոր մասնակիցները հասկացան, որ Անին հայկական է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստն անցկացվում է Ստամբուլում:

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցի։
961-1045 թվականներին Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։
Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով Անին հանձնվել է Թուրքիային։