24-05-2016 12:41

Հիանալի համար էր. ռուս գործիչը՝ «Եվրատեսիլ-2016»-ում Իվետա Մուկուչյանի ելույթի մասին

Ռուսական  «Պրավո գոլոսա» («Право голоса») հաղորդման ժամանակ քննարկվել են «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին հաջորդած սկանդալներն ու վեճերը։ Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանին։ Մասնավորապես՝ «Յաբլոկո» («Яблоко») կուսակցության նախագահի տեղակալ Ալեքսանդր Գնեզդիլովը նշել է, որ հավանել է Հայաստանի մասնակցի ելույթը և որ այն թերագնահատվել է:
Հաղորդավար Ռոման Բաբայանը հարցրել է, թե արդյոք հնարավո՞ր է Ռուսաստան- Արևմուտք ներկայիս հարաբերությունների պայմաններում պահպանել մշակութային կապերը:
«Այո, իհարկե, տեսեք, եղել է ժյուրիի և ժողովրդական քվեարկություն, Ուկրաինայում ժողովրդական քվեարկությամբ առաջին տեղում Սերգեյ Լազարևն էր (Ռուսաստանի ներկայացուցիչը- Խմբ.), իսկ ժյուրիի քվեարկությամբ նա 26 մասնակցից 22-րդ տեղում էր: Մեզ մոտ Ջամալան (Ուկրաինայի ներկայացուցիչը- Խմբ.) երկրորդ տեղում էր ժողովրդական քվեարկությամբ, առջևում Հայաստանն էր, իմիջիայլոց հիանալի համար էր՝ իմ կարծիքով, «Եվրատեսիլի» ֆավորիտներից մեկը և, իմ կարծիքով, թերագնահատվեց»,- ասում է Ալեքսանդր Գնեզդիլովը։
Հաղորդավարի այն կատակ-դիտարկմանը, թե ինքը կապ չունի Հայաստանի հետ, եթե նա դա նկատի ունի, Գնեզդիլովը պատասխանում է, որ իրեն իսկապես դուր է եկել Հայաստանի համարը:
«Ինձ իսկապես դուր է եկել Հայաստանի համարը: Իմիջիայլոց կարող եմ ասել, որ Ադրբեջանի համարն էլ է ինձ դուր եկել: Բայց Հայաստանն ավելի շատ: Այսպես, ժյուրիի քվեարկությամբ՝ Ջամալան 26-ից 24-րդ տեղում էր: Այստեղ ակնհայտ դարձավ տարբերությունը ժողովրդի և էլիտաների կարծիքների միջև: Ժողովրդի վրա բարեբախտաբար ատելության այդ քարոզչությունը շատ ավելի քիչ ազդեցություն է թողել, քան կարելի էր ակնկալել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։ Մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացրած Ջամալան։