03-05-2015 16:16

Կյանքից հեռացել է համաշխարհային բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայան (լուսանկարներ, տեսանյութ)

Ակնառու ռուսաստանցի բալետի պարուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի պրիմա Մայա Պլիսեցկայան մահացել է 90 տարեկան հասակում սրտի կաթվածից Մյունխենում: Պարուհուն ճանաչող բոլոր մարդկանց կարծիքով՝ Պլիսեցկայայի հեռանալով ավարտվեց բալետի և Մեծ թատրոնի մի հսկայական շրջան:

Թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը հուսով է, որ Պլիսեցկայան կհուղարկավորվի Ռուսաստանում, իսկ մեծ պարուհու հետ հրաժեշտը տեղի կունենա Մեծ թատրոնում: Հրաժեշտի և հուղարկավորման հետ կապված հարցերը կքննարկվեն ավելի ուշ: Այդ ամենը կորոշի պարուհու ամուսինը, հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը:

Պլիսեցկայայի և Շչեդրինի մտերիմ ընկերը, ռեժիսոր և պարուսույց Ռիկարդո Քուեն հաստատեց, որ ընտանիքը դեռևս չի որոշել, թե որտեղ կհանգրվանի նրա աճյունը, սակայն նշել է, որ պարուհուն ամենայն հավանականությամբ կհուղարկավորեն Մոսկվայում:

Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ռուսատանցի և իսպանացի բալետի պարողներ: