24-06-2014 13:18

Մշակույթի նախարարությունը որոշել է դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները

Երեկ Մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հունիսի 24-ին, երեքշաբթի, առավոտյան 9-ին «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքվում է Աֆրիկյանների ակումբի (Թումանյան/Տերյան) խաչմերուկում, որ հանձնեն բանվորներին եւ ոստիկաններին քանդման ապօրինության մասին որոշումը և թույլ չտան շարունակել շենքի ապօրինի քանդումը:
Քանդման անօրինականության և աննպատակահարմարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, որոնցից ամենացայտունը 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, որի 5-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է, որ. «յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որեւէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...»: Այսինքն՝ ապամոնտաժման անվան տակ տեղի ունեցող քանդումը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի 1616-Ն որոշմանը հղում տալով՝ հակասում է վերը նշված կոնվենցիային։ Այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության հոդված 6-ով ամրագրված է, որ. «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:
Մշակույթի նախարարության մի շարք անսկզբունքային աշխատակիցներ տվել են իրենց համաձայնությունն իրականացնելու համար նշված քանդումը, որի հիման վրա և Երևանի քաղաքապետարանը տրամադրել է անօրինական ապամոնտաժման թույլտվություն։
Ելնելով վերնշյալից՝ Պահպանենք Աֆրիկյանների տունը քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ «Ուրբանլաբ Երևան» ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, դատարանը Հաստատել` Երեւանի քաղաքապետի 26.08.2005թ. N 1845-Ա եւ ՀՀ Կառավարության 25.01.2007թ.N 108-Ն որոշումների առ ոչինչ լինելը»: