06-05-2015 13:18

Lucasfilm-ը մտադիր է նկարահանել «Ինդիանա Ջոնս»-ի նոր մասը

Lucasfilm ստուդիան հաստատել է «Ինդիանա Ջոնս»-ի շարքից նոր ֆիլմ նկարահանելու մասին իր մտադրությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ընկերության նախագահ Քեթլին Քենեդին: Նրա խոսքով՝ մի օր այդ նախագիծը կթողարկվի ընկերության շրջանակներում: «Մենք դեռ չենք սկսել սցենարի մշակումը, սակայն դա քննարկվում է»,- ասել է Քենեդին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմի գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը չի բացառել, որ կվերադառնա հանրահայտ հնեաբանի կերպարը մարմնավորելուն, եթե իրեն լավ սցենար առաջարկեն: Սակայն, ըստ երևույթին, Ֆորդի պատկառելի տարիքի պատճառով Lucasfilm-ը կնախընտրի ֆիլմերի ամբողջությամբ նոր շարք սկսել: Գլխավոր դերի ամենահավանական թեկնածուն է համարվում Քրիս Փրեթը: Տվյալ տեղեկությունը Walt Disney Pictures-ի և Lucasfilm-ի կողմից չի հաստատվել, բայց և չի հերքվել: Walt Disney ընկերությունը ձեռք է բերել Lucasfilm ստուդիան, ինչպես նաև Ինդիանա Ջոնսին նվիրված բոլոր կինոնախագծերը: Այս շարքի առաջին չորս ֆիլմի իրավունքները, ինչպես և նախկինում, պատկանում են Paramount ընկերությանը: Չորրորդ սերիան՝ «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգի թագավորությունը» ներկայացվել է 2008 թվականին և համաշխարհային վարձույթում ավելի քան 700 մլն. դոլարի եկամուտ է բերել: