15-12-2015 10:52

Հնդկական շունչ` հայկական մետրոյում

Գնացքի դռները բացվում են, և հայտնվում ես հնդկական մթնոլորտում։ Քիչ հեռվում մեղմորեն հոսում է Գանգեսը, որի ջրերում կանայք լվացք են անում, հետևում աղոթք անող հնդկուհին է, առջևում` լոտոսի դիրքով նստած հնդիկ յոգը։ Հայաստանում Հնդկաստանի մշակութային օրվա շրջանակում «Երիտասարդական» կայարանը յոթ օրով վերածվել է հնդկական մշակույթի ցուցասրահի, որտեղ ներկայացվել են հայ և հնդիկ լուսանկարիչների ու նկարիչների աշխատանքները։ Կայարանում տիրող այս խառնաշփոթն ու տոնական տրամադրությունն ընդհատվում է գնացքի խուլ շչակով, հետո լսվում է անիվների ձայնը։ Հնչում է երաժշտությունը, և հասկանում ես, որ իսկական հնդկական «ֆիլմ» ես դիտելու։ Կայարանը պարահրապարակ են դարձնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները։ «Հայաստանում ուսում է ստանում Հնդկաստանից ժամանած մոտ 1000 ուսանող։ Նրանք են նախաձեռնել այս ամենը։ Իսկ միջոցառումն այստեղ է անցկացվում, որովհետև հենց այս կայարանն է կոչվում «Երիտասարդական»։ Ուսանողներն ուզում են իսկական Հնդկաստանը ներկայացնել հայերին», — նշել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն։ Արարողության պաշտոնական մասը սկսվում է մոմավառությամբ, քանի որ կրակը, հին հնդկական ավանդույթի համաձայն, ցանկացած նախաձեռնության օրհնության խորհրդանիշն է։ «Անկախ այն հանգամանքից, որ Հայաստան եկած ուսանողներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, միևնույն է` նրանք չեն մոռանում իրենց արմատները և փորձում են իրենց մանկության մի մասնիկը վերստեղծել հայկական մայրաքաղաքում։ Այո, երբեմն դժվար է լինում, քանի որ մշակույթների բախումը միշտ էլ որոշակի հարցեր է ծնում, սակայն մենք միասնական ենք, ապրում ու սիրում ենք Հայաստանը», — պատմում է Հայաստանի բուհերից մեկի ուսանող Ռաջ Սինխը` ավելացնելով, որ իր համար ամենաբարդը լեզվի խնդիրն է եղել։ Մինչ Ռաջը խոսում է իր տպավորությունների մասին, ընկերները պարում են հնդկական երաժշտության հնչյունների ներքո, իսկ հերթական գնացքով ժամանած նոր ուղևորները ժպիտով հետևում են այս տեսարանին։ «Տրամադրությունը նույնքան մռայլ էր, որքան եղանակը, սակայն այժմ այս ուրախ մթնոլորտից հետո հոգիս լցվեց ուրախությամբ ու խաղաղությամբ», — նշում է կայարան ժամանած երիտասարդ աղջիկը։ Նրանք, ովքեր չեն շտապում, կանգնում են ու վայելում հեռավոր մշակույթի մոտիկությունը։ Իսկ այդ ընթացքում լսվում է ռելսերի թխկթխկոցն, ու ցուրտն անտեսած բոբիկ երիտասարդները նոր պար են սկսում։