Բավ է պառակտվել
25-11-2014 10:37

Հայաստանը Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում

Նոյեմբերի 19-23-ը Բուխարեստում կայացավ «Gaudeamus» գրքի միջազգային սալոնը, որին արդեն երկրորդ տարին մասնակցում էր նաև Հայաստանը` որպես Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր: Ռումինիայում ՀՀ դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով ներկայացրեց ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ` «Ֆրանկոֆոն Հայաստանը և հայերը» խորագրի ներքո: Բուխարեստի գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ նոյեմբերի 19-ին` ֆրանկոֆոն երկրների դեսպանների և ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանի բաժնում ներկայացված էին ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության և մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում և Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ և ֆրանսագիր հայ գրողների գործեր: Միջոցառումների շարքում կայացան կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ և հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Զամֆիրը ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ նոյեմբերի 21-ին «Meteor Press» հրատարակչությունը ներկայացրեց Լևոն Հարությունյանի «Սիբիր. Տարած-ետ բերած» հուշերի գիրքն ու իսպանացի գրող Մարիա Անխելս Անգլադայի «Արամի գրառումները» վիպակը: Գրքերի ներկայացման ժամանակ հայ ժողովրդի պատմության ու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ելույթներով հանդես եկան Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը: