Բավ է պառակտվել
18-08-2016 16:55

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան դրաման կարող է հավակնել «Օսկարի»

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» դրաման կարող է հավակնել ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին սիրո պատմություն ներկայացնող ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնին:

Ֆիլմի բովանդակությունը կառուցված է սիրային եռանկյան շուրջ: Գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: Գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացավ կյանքից 13 ամիս առաջ:

Համաշխարհային վարձույթում ֆիլմը կհայտնվի 2016 թ.-ի դեկտեմբերին:

Ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քրքորյանը կյանքից հեռացել է 2015 թվականի հունիսի 16-ին Լոս Անջելոսում: Քրքորյանի ընդհանուր կարողությունը 2015 թվականի տվյալներով գնահատվել է 4,2 միլիարդ դոլար:

Նա հայտնի էր որպես Լաս Վեգասի հիմնական գործարար դեմք: 1968 թվականից Քրքորյանը սկսել է զբաղվել կինոբիզնեսով և հաջորդ տարի դարձել Metro Goldwyn Mayer (MGM) տնօրեն, որին հետագայում նա ավելացրել է United Artists-ը (1976), Columbia Pictures-ը (1980) և 20th Century Fox-ը: