08-04-2014 16:28

Եվրատեսիլ մրցույթում քաղաքական սկանդալ է հասունանում

Թերևս ասում են, որ Եվրատեսիլ երգի մրցույթը բնավ քաղաքականացված չէ, բայց հատկապես այս տարի դրանից խուսափել չեղավ:Մայիսին Կոպենհագենում անցկացվելիք «Եվրատեսիլ» մրցույթի ընթացքում քաղաքական սկանդալներից խուսափել չստացվեց: : Ըստ Heat-ի, Եվրոպայում թեժ քննարկումների կենտրոնում է հայտնվել մրցույթի հեռախոսային քվեարկությունը, որին, «Եվրատեսիլ»-ի կանոնների համաձայն, մասնակցելու է նաեւ Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտ Ղրիմը: Եվրոպայից բազմաթիվ դիտորդներ արդեն իսկ դեմ են, որ Ղրիմի բնակիչների ձայները համարվեն որպես Ռուսաստանի քաղաքացիների ձայներ:

Ղրիմի բնակչությունը շուրջ երկու միլիոն է. այս ցուցանիշը կարելի է համեմատել եվրոպական որեւէ փոքր պետության բնակիչների թվի հետ: Եվ այդ շրջանի բնակիչների ձայները կարող են էականորեն ազդել մրցույթի արդյունքների վրա: Ղրիմում քվեարկության խնդրով ակտիվորեն հետաքրքրվել է Շվեդիան՝ «Եվրատեսիլ»-ի հնագույն մասնակից-երկիրը: Ծնունդով այս երկրից է մրցույթի գլխավոր ներկայացուցիչներից Օլա Սանդը: Վերջինը Ղրիմի իրավիճակը բնորոշել է որպես «վերահսկողությունից դուրս իրականություն», բայց նշել, որ այդ շրջանի բնակիչները, քաղաքական իրադարձությունների պատճառով, չպետք է մեկուսացվեն քվեարկության գործընթացից:

Խնդրի շուրջ առավել կտրուկ է արտահայտվել «Եվրատեսիլ 2012»-ի հաղթողը՝ շվեդական երգչուհի Loreen-ը: 30-ամյա աստղը, ով հայտնի է ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ, հայտարարել է, որ սխալ կլիներ Ղրիմի բնակիչները ձայները հաշվել որպես ռուսաստանցիների ձայներ:

- Հարկավոր է Ղրիմը դիտարկել որպես Ուկրաինայի մաս, որն ապօրինի կերպով յուրացվել է, քանի որ սխալ կլիներ այնտեղից ստացված ձայները համարել ռուսական,- վստահ է Լորինը:

Երգչուհու հետ համամիտ են եվրոպական բազմաթիվ երկրներում, որտեղ նույնպես հրաժարվում են Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Իսկ Ռուսաստանում այս ամենում խնդիր չեն տեսնում եւ կարծում են, որ «Ղրիմի ձայները» համարվում են ՌԴ ձայներ, որի պաշտոնական սուբյեկտ է համարվում Ղրիմը: Այն, որ Եվրոպան չի ընդունում այդ փաստը, Ռուսաստանում ոչ ոքի չի հուզում:

Բավական բարդ այս իրավիճակում «Եվրատեսիլ»-ի ներկայացուցիչները զգուշավոր դիրքորոշում են ցուցաբերում՝ Ղրիմի ձայների հետ կապված պատմությունը վերագրելով «տեխնիկական խնդիրներին», որոնք Ռուսաստանը պետք է լուծի մինչեւ մրցույթը:

- Մենք գիտենք, որ Ղրիմում մինչեւ հիմա օգտագործվում են ուկրաինական կոդով հեռախոսահամարներ,- պարզաբանել է մրցույթի ներկայացուցիչ Օլա Սանդը:- Եթե այդ կոդերը գործեն նաեւ մայիսին, ապա Ղրիմի բնակիչներից ստացված զանգերը մեխանիկորեն գրանցվելու են որպես ուկրաինական: Բայց եթե Ռուսաստանը լուծի այդ խնդիրը եւ բոլոր հեռախոսները ներգրավի ռուսական ցանցում, ապա ձայները կլինեն ռուսական: Բայց այն, որ մենք այդ անելու ենք, չի նշանակում, որ սատարում ենք Ղրիմի շուրջ Ռուսաստանի քաղաքականությունը: