01-03-2017 10:40

Ոչինչ չի մոռացվել՝ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանության մասին (Տեսանյութ)

 

Համաշխարհային ճանաչում ունեցող անգլիական երգիչ, երգահան Էլթոն Ջոնը և կանադական կինոռեժիսոր Դևիդ Ֆերնիշը փետրվարի 27-ին, ամերիկյան « Օսկար» կինոմրցանակաբաշխությանը նվիրված երեկույթին ներկայացրել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The Promise) ֆիլմը:
Ֆիլմը ցուցադրվել է բարեգարծական ընթրիքի ժամանակ, որի ընթացքում հավաքված հանգանակությունները ուղղվում են մարդասիրական ծրագրերի իրականացմանը:
«Խոստում» ֆիլմի ստեղծող թիմը որոշում է կայացրել՝ ցուցադրությունից ստացված շահույթը նվիրաբերել հասարակական կազմակերպություններին. այդ թվում նաև Էլթոն Ջոնի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամին(Elton John AIDS Foundation/EJAF), և մարդու իրավունքների պաշտպանության այլ կազմակերպությունների:
Երեկոյի ընթացքում միջոցների հանգանակմանը( որոնք ծառայելու են մարդասիրական նպատակների) մասնակցություն են ունեցել նաև հայ բարեգործներ Րաֆֆի և Վաչե Մանուկյանները:
Այս տարվա բարեգործական ընթրիքը նշանավորվել է ոչ միայն «Խոստում» ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էին հոլիվուդյան շատ աստղեր, այլ նաև Էլթոն Ջոնի Ֆոնդի 25 ամյակի տոնակատարությամբ:
Մինչ օրս այդ երեկույթների ընթացքում հանգանակվել է 56 մլն. դոլար:
Էլթոն Ջոնը նշում է, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու քննադատումը շատ կարևոր է:
«Ոչինչ չի մոռացվել»,- ընդգծել է Էլթոն Ջոնը:

 
Բարեգործական երեկոյին մասնակցություն է ունեցել նաև լեգենդար դերասանուհի Շերոն Սթոունը:
« Ամերիկյան հասարակության զգալի մասը տառապում է այս կամ այն հիվանդությունից, և նրանք մեր օգնության կարիքն ունեն: Հարկավոր է ընդունել դա և սրտացավություն ցուցաբերել», ասել է նա:
Նշենք, որ «Խոստում» ֆիլմի պրեմիերան կայացել էր անցած տարի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյում անցնող կինոփառատոնին:
Ռեժիսոր Թերի Ջորջի պատմական դրամայի գործողությունը ծավալվում է Օսմնյան կայսրությունում՝ դրա գոյության վերջին օրերին, և շոշափում է հայերի ցեղասպանության թեման: Սյուժեի հիմքում ընկած է Մայքլ անունով ուսանող- բժիշկի, չքնաղ Աննայի և Փարիզից ամերիկյան լրագրող Քրիսի սիրային եռանկյունին:
Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են՝ Օսկար Այզեքը, Շարլոտա Լե Բոնը և Քրիստիան Բեյլը:
Հոլիվուդյան այս պատմական դրամայի ֆինանսավորումը 2015 թ. հունիսի 16-ին Լոս Անջելեսում մահացած հայկական արմատներով ամերիկյան գործարար, միլիարդատեր Քըրք Քրքորյանի վերջին նախագիծն էր: