25-04-2015 19:29

Հայ նկարիչները Վիլնյուսի կենտրոնում պատկերել են Հայոց Ցեղասպանության պատմությունը. հեղինակային հոդված

Լիտվայի հայ համայնքը նախագահ Արայիկ Թունյանի ղեկավարությամբ Վիլնյուսի Ռատուշայի հրապարակում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված յուրօրինակ միջոցառում է կազմակերպել: Այդ մասին News.gisher.ru –ին հայտնել են անձամբ ոգեկոչման միջացառման կազմակերպիչները: Սկսենք նրանից, որ ակցիան անցկացնելու նպատակով հայ համայնքը հատուկ թույլտվություն է վերցրել քաղաքի իշխանություններից: Միջացառմանը մասնակցել են հայտնի հայ նկարիչներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, «ARTLINK &Sotheby's» մրցույթի հաղթող, Լիտվայի հայ համայնքի տեղակալ մշակույթի գծով Լիտվայում բնակվող Տիգրան Յուխանյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուս-հայկական բարեկամության թանգարանի տնօրեն, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի տնօրեն Գագիկ Ավետիսյանը:

Չորս օրվա ընթացքում՝ ապրիլի 20-24-ը, ստեղծագործողներին և նրանց ստեղծագործությունները անձրևից և քամուց պաշտպանելու համար տեղադրված վրանում ստեղծվում էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հորինվածքները: Վրաններին ծածանվում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության դրոշները, իսկ մոտավորապես 60 մետր հեռավորության վրա կանգնած էր Թուրքիայի դեսպանությունը իր կիսալուսնով: «Մշակութային ժառանգությունը այն միակ հավերժությունն է, որը իրենից հետո թողնում է մարդկային արարածը, ժողովուրդը: Մեր ժողովուրդը հիրավի կարող է հպարտանալ դրանով: Ես վրդովմունք կամ ատելություն չեմ զգում թուրք ժողովրդի նկատմամբ:

Պարզապես անընդունելի եմ համարում, երբ մի ամբողջ ժողովրդի 1,5 մլն. ներկայացուցիչների ոչնչացում պատահականություն են անվանում: Արդյո՞ք կարելի է դա որևէ այլ կերպ անվանել: Դա ի՞նչ է, եթե ոչ ցեղասպանություն», - նծեց Տիգրան Յուխանյանը: Իր հերթին Գագիկ Ավետիսյանը պատմեց, որ այդ խոշոր գեղարվեստական ակցիան անցկացնելու մասին որոշումը ընդունվել է կլոր սեղանի մոտ տևական քննարկումներից հետո:

Նա իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին (Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) և «Լոռվա ձոր» (նախագահ Սերգո Երիցյան) հայրենակցական միությանը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ իր մասնակցությունը տվյալ միջոցառման մեջ: Նկարիչը պատմեց նաև, որ այդ օրերի ընթացքում նաև որոշ անախորժություններ տեղի ունեցան: «Գիշերը, երբ ես և Տիգրանը արդեն հեռացել էինք, մեր վրանին մարդիկ էին մոտեղել, ովքեր ներկայացել էին պաշտպանության ծառայության աշխատակիցներին որպես թուրքեր, վերցրել էին վրձինները և ջանացել մոտենալ մեր նկարներին, սակայն նրանց խնդրել էին հեռանալ», - պատմեց նկարիչը:

Իր հերթին հայ համայնքի նախագահ Արայիկ Թունյանը հաղորդեց, որ այդ օրերի ընթացքում նկարիչներին մոտենում էին զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր հարցնում էին տվյալ միջոցառման խորհրդի մասին: Եվ նկարիչները պատմում էին: «Մարդը բնության պարադոքս է: Նա կարող է սարսափելի ավերվածությունների պատճառ դառնալ և գազանաբար սպանել, բայց նա նաև կարող է ստեղծագործել, լինել Միքելանջելո և Լեոնարդո դա Վինչի», - նշեց Տիգրան Յուխանյանը News.gisher.ru-ի թղթակցի հետ զրույցում: Գագիկ Ավետիսյանի կարծիքով՝ ցակացած ժողովրդի ապագան հնարավոր է միայն այն դեպքում, երբ տվյալ ժողովուրդը ստեղծագործական ներուժ ունի, որի պակասից հայ ժողովուրդը երբևէ չի տառապել: «Կան երկրներ, որոնք ունեն նավթ և գազ, այլ ռեսուրսներ: Մենք նման բաներ չունենք, սակայն փոխարենը հսկայական ստեղծագործական ներուժ ունենք: Եվ ընդհանրապես ես մշտապես այն կարծիքին եմ եղել, որ ցանկացած ժողովրդի, ցանկացած պետության վերջը գալիս է այն պահին, երբ այն կորցնում է իր ստեղծագործական ներուժը», - կիսվեց մեզ հետ նկարիչը:

Ահա և անցավ այդ չորս օրը: Ցրտահարված, հոգնած և փոքր ինչ անառողջ նկարիչները այնուամենայնիվ գոհ են, քանի որ իրայշկանացրել են իրենց նպատակը: Ահա կտավի վրա վերջին վրձնախազերը հայտնվեցին, և Լիտվայի հայ համայնքի անդամները Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով դուրս են գալիս Ռատուշայի մոտ: Ահա և Տիգրանին մոտենում է թուրքերի խումբը (իսկ գուցե նրանք այն գիշերային հյուրե՞րն են): Խաղաղասեր նկարիչը հիշաչար չէ, անընդհատ փորձում է նրանց հրավիրել նկարի մոտ, որում սառչել է 100-ամյա ցավի ճիչը, սակայն նրանք հեռանում են, գրեթե փախչում կտավից…

Կազմակերպիչների և նկարիչների հետ զրուցեց Լիլիթ Պետրոսյանը
News.gisher.ru –ն իր երախտագիտությունն է հայտնում տրամադրված լուսանկարների հայկական ծագմամբ տնտեսագետ Իվան Մուրաշկոյին, ով անգնահատելի օգնություն ցուցաբերեց նկարիչներին այդ օրերին, ինչպես նաև հայտնի լիտվացի լուսանկարիչ Վալդաս Ռաչիլային: