25-11-2016 07:59

ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին ցանկանանք ակտիվացնել ջանքերը ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում

ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաշվի առնելով խնդրի բարդությունը և իհարկե այն, որ այդ խնդիրն ուղղակիորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրի հետ` Մինսկի խմբին, համանախագահներին կարելի է ցանկանալ ջանքերի ավելի շատ ակտիվացում», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով, ակտիվացումից վատ բան չի պատահի։ «Իհարկե, հարկավոր է զգալի ջանքեր գործադրել այս գործընթացի առաջխաղացման համար, և մենք դա կարող ենք միայն ողջունել», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների ռոտացիայում չկա քաղաքական բաղկացուցիչ։ «Նրանք այս ուղղությամբ որոշակի ժամկետ աշխատել են և տեղափոխվում են մեկ այլ ոլորտ, որևէ քաղաքական բաղկացուցիչ մենք այս հարցում չենք տեսնում։ Ինչ վերաբերում է պարոն Պոպովին (ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով, խմբագրություն), ապա նա շարունակում է զբաղվել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմամբ», – նշել է Զախարովան։