Բավ է պառակտվել
09-05-2017 20:54

Արցախում 2 զինծառայողի մահան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. 3-րդը որոնվում է

Քննչական կոմիտեի երրորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողների մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, համապատասխան քննչական գործողություններ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները ճշտելու նպատակով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մայիսի 8-ի առավոտյան ժամկետային երեք զինծառայող՝ զորամասերից մեկի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը և նույն զորամասի հինգերորդ հրաձգային դասակի վարորդ-սանիտար Ռուբեն Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան ստուգականչին: Բացակայել է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին՝ նշված ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասի սահմաններից դուրս, այն ուղևորվերլիս է եղել Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհով՝ Տոնաշենի ուղղությամբ:
Տարածքի զննության արդյունքում` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որտեղ խորության վրա(մոտ 50 մետր) գետ է հոսում:
Արցախի Հանրապետության փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան:
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Ռ.Բիշարյանի և Ռ.Բարսեղյանի մարմինները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` զինծառայողների մահվան պատճառը պարզելու համար:

Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ( Երթևեկության կամ մեքենայի շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան ): Կատարվում է քննություն: