25-11-2016 13:18

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո

Բելառուսների սիրտը ցավում է Ղարաբաղի համար, իսկ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բելառուսի դիրքորոշումն անփոփոխ է՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ձեզ անկեղծ ասեմ՝ բելառուսներն ինչպես անտարբեր չմնացին նրա նկատմամբ, թե ինչ է տեղի ունենում Դոնբասում, այնպես էլ մեր մարդկանց սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, շատ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ դուրս ենք եկել մի մեծ երկրից, Խորհրդային միություն անունով մի համերաշխ ընտանիքից: Այդ պատճառով մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ որտեղ էլ որ լինի՝ խաղաղության, մարդկանց նորմալ կյանքի և հանգստության հաստատման համար»,- ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման հարցում:

«Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում՝ խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել կողմերին այդ հակամարտության խաղաղ լուծման որոնման համար: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար չկա ավելի մեծ արժեք, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- ասել է Բելառուսի նախագահը: