09-06-2017 19:22

Արցախում էքստրեմալ զվարճանքների «Yell Extreme Park» կկառուցվի

«Yell Extreme Park» նախագծի շրջանակներում Արցախում նախատեսվում է էքստրեմալ զվարճանքների այգի կառուցել, ուրբաթ օրը լրագրողներին այս մասին հայտնել է նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:
« Անցած տարվա սեպտեմբերից մենք բանակցություններ ենք սկսել Արցախի Էկոնոմիկայի նախարարության հետ, որի ներկայացուցիչները խիստ շահագրգռված են «Yell Extreme Park»-ի օրինակով նոր նախագիծ սկսելու մեջ, ինչն էլ կնպաստի դեպի Արցախ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը»,- հայտարարել է Չիբուխչյանը:
Նրա խոսքերով, այգու այցելուները կկարողանան օգտվել զվարճության բոլոր տեսակներից՝ զիփլայնից, պարագլայդինգից , պարանային այգուց և այլն:
Նա նշել է, որ նոր նախագծի աշխատանքներն արդեն մեկնարկել են, և Արցախում զվարճությունների այգու բացումը նախատեսված է հունիսի վերջին- հուլիսի սկզբին:
Չիբուխչյանի խոսքերով, «Yell Extreme Park»-ն արդեն սկսել է իրագործել տվյալ նախագիծը, որի առաջին փուլը Արցախի տարածքով երկտեղանի ինքնաթիռներով զբոսաշրջային փոխադրումների իրականացումն է:
«Մենք որոշել ենք սկսել՝ օգտագործելով այն ռեսուրսները, որոնք արդեն իսկ լավ ենթակառուցվածք ունեն: Ստեփանակերտի օդանավակայանը գտնվում է հիանալի վիճակում և այնտեղ ամեն պահի պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին: Սա շատ հետաքրքիր նախագիծ է»,- ասել է նա:
Ստեփանակերտ-Շուշի ուղղությունով երկտեղանի ինքնաթիռներով թռիչքները սկսել են իրականացվել մայիսի կեսերին, և օդային զբոսանքներն արդեն հասցրել է վայելել 15 մարդ: Թռիչքի տևողությունը 20-25 րոպե է, իսկ արժեքը՝ 35 հազ. դրամ:
«Yell Extreme Park» նախագիծը կյանքի է կոչվել 2015թ.՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում: Վայրն ընտրվել է հաշվի առնելով կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, և ռելիեֆային առանձնահատկությունները:
Նախագծի նպատակը՝ Հայաստանում արկածային և էքստրեմալ տուրիզմի զարգացումը, տարածաշրջանում էքստրեմալ տուրիզմի խոշոր կենտրոնի վերածումն ու սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումն է, ինչը կնպաստի հասարակական կյանքի ակտիվացմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: