Բավ է պառակտվել
16-12-2016 15:22

Ճապոնացիները իրավունք կստանան այցելել Կուրիլների՝ նախկինում արգելված հատվածներ

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով Կուրիլյան կղզիներում Ռուսաստանի և Ճապոնիայի համագործակցությունը կնպաստի երկրների միջև հարաբերությունների բարելավմանը, ինչն էլ բարենպաստ մթնոլորտ կստեղծի հետագայում խաղաղ պայմանագիր կնքելու համար:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ եկել է պայմանավորվածության, որի համատեքստում արվելու է ամեն ինչ, որպեսզի Հարավային Կուրիլյան կղզիների ճապոնացի նախկին բնակիչները կարողանան այցելել կղզիներ:
«Երեկ, մեր երես առ երես հանդիպման ժամանակ, պարոն վարչապետը մեծ ուշադրություն դարձրեց այդ հարցին, նա ինձ փոխանցեց Ճապոնիայի քաղաքացիների նամակները, որոնք ձգտում են այդպիսի ոչ պաշտոնական փոխհարաբերություններ ունենալ այդ կղզիների ռուս քաղաքացիների հետ»,- Աբեի հետ իր հանդիպումն ամփոփելիս նշել է Վլադիմիր Պուտինը:
«Մենք պայմանավորվել ենք, որ ապահովելու ենք նրանց ազատ ելումուտը նույնիսկ այն շրջաններ, որոնք մինչ օրս փակ են եղել իրենց համար»,- հավելել է ՌԴ նախագահը, և նշել է, որ իրենք՝ Սինձո Աբեի հետ, Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ներին հանձնարարել են քննարկել ճապոնացիների՝ Կուրիլյան կղզիներում գտնվող իրենց հարազատների գերեզմաններին այցելելու գործընթացը դյուրացնելու հարցը:
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը առաջարկել է միջսահմանային ազատ տեղաշարժի ռեժիմ մտցնել Սախալինի և Հոկայդո կղզու բնակիչների համար:
Խաղաղության պայմանագիր
ՌԴ նախագահի կարծիքով Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագիրը վաղուց արդեն պետք է կնքված լիներ: Նրա խոսքերով, Կուրիլյան կղզիներում երկրների համագործակցությունը լավ կանդրադառնա հետագա երկխոսության և խաղաղ պայմանագրի կնքելու հեռանկարի վրա:
« Ինչպես գիտեք, այս հարցը (խաղաղ պայմանագիրը) արդեն 70 տարուց ավելի է քննարկվում է: Միամտություն կլիներ ենթադրել, որ մենք մեկ րոպեում կկարողանանք կարգավորել այն: Բայց հարցի այնպիսի լուծում փնտրելը, որը համընկնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ճապոնիայի շահերի հետ, և ընդունելի լինի երկու երկրների ժողովուրդների համար՝ իհարկե անհրաժեշտ է»,- ասել է Վ. Պուտինը, և հավելել, որ.« Այդ հարցի լուծման համար պահանջվում է փոխադարձ վստահությունը ամրապնդելուն և ռուս-ճապոնական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քրտնաջան աշխատանք»:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ իրենք՝ Ճապոնիայի վարչապետի հետ, կողմ են արտահայտվել Հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու հեռանկարին: