03-03-2014 10:32

Յանուկովիչը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու համար

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նոր քրեական վարույթ է սկսել երկրի նախկին Նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: Նա մեղադրվում է երկրում սահմանադրական կարգը տապալելու համար: Այդ մասին հայտարարել է «Շուստեր-Live» հաղորդման եթերում Ուկրաինայի գլխավոր դատախազի պարտականությունները կատարող Օլեգ Մախնիցկին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով УНИАН-ին:

Մախնիցկիի խոսքով՝ գործի համար առիթը եղել է Յանուկովիչի ելույթը Դոնի Ռոստովում փետրվարի 28-ին ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ելույթի հաջորդ օրը՝ մարտի 1-ին Գլխավոր դատախազությունը սկսել է Յանուկովիչի նկատմամբ ստուգումը՝ պարզելու, թե արդյոք առկա է իր գործողություններում հանցակազմ:

Դոնի Ռոստովում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Յանուկովիչը, մասնավորապես, հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի Գերագույն Ռադայի որոշումը իրեն նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ և իրեն համարում է պետության լեգիտիմ նախագահ: Նա նաև Ռուսաստանից օգնություն է խնդրել: