Բավ է պառակտվել
10-04-2017 10:41

WikiLeaks-ը հրապարակել է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը

Vault 7 նախագծի շրջանակներում WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի փաստաթղթերի նոր զանգված: Փաստաթղթերի նախորդ մասը, որը ստացել էր Marble («Մարմար») անվանումը, հրապարակայնացվել էր մարտի 31-ին:
Հրապարակված նոր խմբաքանակը կոչվում է Grasshopper («Մորեխ») և ներառում է 27 փաստաթուղթ, որոնցում խոսք է գնում համանուն պլատֆորմի մասին, որը նախատեսված է Microsoft Windows-ի համար վնասակար ծրագրային ապահովում (ԾԱ) ստեղծելու համար:
Grasshopper-ը գործի է դնում տարատեսակ մոդուլներ, որոնք ԿՀՎ-ի աշխատակիցներին թույլ են տալիս ստեղծել հարմարեցված «իմպլանտներ», որոնք ունակ են տարբեր վարք ցուցաբերել՝ կախված հավաքման ընթացքում նախատեսված որոշակի ֆունկցիաներից և հնարավորություններից: Ինչպես նշվում է, Grasshopper մոդուլները չեն կարողանում ֆիքսել խոշորագույն հակավիրուսային լուծումները, այդ թվում նաև «Symantec»-ի և « Կասպերսկու Լաբորատորիայի» ապրանքները:
ԿՀՎ-ի կողմից օգտագործվող մեխանիզմներից մեկը կոչվում է Stolen Goods: Մի շարք բաղադրիչներ վերցված են բանկային վնասակար ԾԱ Carberp-ից, որի մուտքային կոդը համացանց արտահոսեց 2013թ. :
WikiLeaks-ը ԿՀՎ-ի փաստաթղթերը սկսեց հրապարակել սույն թվականի մարտի 7-ին: Ինչպես նշել են կազմակերպությունում, սա հետախուզական ծառայության գաղտնի փաստաթղթերի խոշորագույն արտահոսքն է: Այն ներառում է Լենգլիում ԿՀՎ-ի Կիբերհետախուզության կենտրոնի ներքին ցանցում պահվող ավելի քան 8,7 հազ. ֆայլեր և փաստաթղթեր:
Ներկա դրությամբ WikiLeaks-ը հրապարակել է փաստաթղթերի չորս փաթեթներ՝ Year Zero, Dark Matter, Marble և Grasshopper: