22-06-2017 15:55

Ինդոնեզիայում հրաբուխը 7 կմ. բարձրությամբ մոխիր է արտանետել

Արգելված գոտուց, հրաբխի խառնարանին կից հինգ կիլոմետր շառավիղ տարածքից արդեն իսկ տարհանվել է ավելի քան 18 հազ. մարդ:


Ինդոնեզական Սումատրա կղզու վրա գտնվող Սինաբունգ հրաբուխը նախօրեին կրկին ակտիվացել է, ինչի արդյունքում տեղի է ունեցել հրաբխային մոխրի մի քանի հզոր արտանետում, որի բարձրությունը կազմել է 7 կմ.:
« Երկուշաբթի օրվանից սկսած տեղի է ունեցել յոթ արտանետում՝ 1,2-7,0 կիլոմետրանոց մոխրի սյուներով»,- այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների վերացման ազգային կառավարման կենտրոնի (BNPB) ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոհոն (Sutopo Purwo Nugroho):
Հրաբխի տարածքում տարերային աղետներին արձագանքման գործողությունների ղեկավար, փոխգնդապետ Մեյեր Պուտոնգն (Meyer Putong) ավելի վաղ հայտարարել էր, որ « հրե լեռան» ակտիվությունն աճում է, և իշխանությունները « վատագույն սցենարի» շրջանակներում տասնյակ բեռնատարներ են նախապատրաստում՝ հրաբխի խառնարանից տասը կիլոմետր շառավիղ հեռավորության վրա բնակվող մոտ 100 հազար մարդու տարհանելու նպատակով:
« Հրե լեռը», որը տեղակայված է Հյուսիսային Սումատրա պրովինցիայի մայրքաղաք Մեդանի մոտակայքում, երեքամյա դադարից հետո կրկին արթնացել էր սեպտեմբերի 15-ին: Այդ ժամանակ 15 հազար մարդ ստիպված էին լքել իրենց տները: Հրաբխի նախորդ՝ չորսը դարում առաջին ժայթքման ընթացքում զոհվել էր երկու մարդ:
Ինդոնեզիան հանդիսանում է այսպես կոչված « Խաղաղօվկիանոսյան հրե օղակի» ՝ հզոր տեկտոնական ճեղքվածքի մաս:
Հնդկական օվկիանոսի հատակը ձևավորող պլատֆորմն այստեղ ճնշում է ասիական պլատֆորմին, որի մասն է հանդիսանում Սումատրան: Արդյունքում, կուտակվող լարվածությունը չեզոքանում է ահռելի ուժգնությամբ երկրաշարժերի և հրաբուխների ժայթքումների ձևով: