Բավ է պառակտվել
29-05-2014 19:21

Վրաստանում շարունակվում են ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ բախումները

Haqqin.az ադրբեջանական կայքը հայտնում է, թե անցյալ գիշեր Վրաստանի Գարդաբանի շրջանում վրացի եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել: Տեղական կազմակերպություններից մեկի` Միացյալ ազգային շարժման առաջնորդ Ռամին Բայրամովի խոսքով, կազմակերպության չորս ակտիվիստների նկատմամբ հարձակում է իրականացվել: Նախ փողոցում են հարձակվել, հետո էլ` քաղաքի կենտրոնում գտնվող թեյարանի մոտ: Ըստ Բայրամովի ակտիվիստները ոստիկանություն են կանչել, սակայն շուտով թեյարանի շուրջ հարյուրից ավել մահակներով զինված մարդիկ են հայտնվել:

Ընկերներին օգնության են հասել նաեւ Միացյալ ազգային շարժման անդամները: Շուտով շուրջ 200 մարդու մասնակցությամբ զանգվածային ընդհարում է սկսվել: Այն դադարեցնելու համար իրավապահները ստիպված են եղել նախազգուշացման տեսքով օդ կրակել: Ինչպես շարժման, այնպես էլ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները պնդում են, որ երկու ազգություններ ներկայացնող երիտասարդների միջեւ ընդհարումը քաղաքական, եւ ոչ` էթնիկ բնույթ է կրել: Այն մայիսի 15-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապ ունի:

Մայիսի 29-ին քաղաքում բնակվող ադրբեջանցիները նախօրեին տեղի ունեցած միջադեպի մեղավորներին պատժելու պահանջով փողոց են դուրս եկել: Մինչ բողոքարարարների թիվը 300-ի է հասել, միաժամանակ սկսել են նաեւ վրացիներ հավաքվել: Տեղեկություններ կան, որ մի քանի ընդհարման փորձ է եղել, եւ իրադրությունը կրկին թեժանում է:

Քաղաքի կենտրոն է եկել նաեւ Քվեմո Քարթլիի նահանգապետը` հայտարարելով, թե պատրաստվում է իրադրությունը լիցքաթափելու նպատակով անձամբ բանակցություններ վարել հակամարտող կողմերի հետ: