Բավ է պառակտվել
13-07-2016 09:25

Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոս պապի` Վրաստան և Ադրբեջան այցի ծրագիրը

Վատիկանը երկուշաբթի օրը հրապարակել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Վրաստան և Ադրբեջան այցի ծրագիրը։

Երկօրյա այցի ընթացքում Թբիլիսիում Հռոմի պապը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի պատրիարք Իլիա II-ի, տեղի ասորա-քաղդեական և կաթոլիկ համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների հետ: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ կմատուցի Միխեիլ Մեսխիի անվան մայրաքաղաքային մարզադաշտում, իսկ ավելի ուշ կայցելի Վրաստանի գլխավոր հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթի Սվետիցխովելի տաճարը:

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, Ֆրանցիսկոս պապը կայցելի Բաքու: Նրա այցը Բաքու կսկսվի մայրաքաղաքի տաճարում պատարագով, այնուհետև նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարության, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ օրը երեկոյան Ֆրանցիսկոս պապը կվերադառնա Վատիկան:

Վատիկանն ապրիլին հայտարարել էր, որ Հռոմի պապն աշնանն այցելելու է Վրաստան և Ադրբեջան՝ Վրաստանի պատրիարք Իլիա II-ի, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական և կրոնական իշխանությունների հրավերով:

Հունիսին Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով ժամանել էր Հայաստան: