Բավ է պառակտվել
30-05-2016 08:57

ԱՄՆ-ում հայտարարվել է նախագահի առաջին պաշտոնական թեկնածուն

ԱՄՆ Լիբերտարիան կուսակցությունը քաղաքական ուժերից առաջինն է կողմնորոշվել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածուի հարցում: Այդ քաղաքական ուժի թեկնածու է դարձել Նյու Մեքսիկոյի նախկին նահանգապետ Հերրի Ջոնսոնը, որն արդեն մասնակցել է ընտրություններին 4 տարի առաջ: Կուսակցության համագումարում նա հավաքել է 55,8 տոկոս ձայն: Նրա 5 մրցակիցները միասին վերցրած ավելի քիչ ձայն են ստացել: «Ես կաշխատեմ այնքան լուրջ, որքան դա հնարավոր է, որպեսզի ներկայացնեմ բոլորին, որոնք հավաքվել են այս դահլիճում»,-խոստացել է Ջոնսոնը Ֆլորիդայում ընթացող համագումարի ժամանակ: Սովորաբար Լիբերտարիան կուսակցությունը հաղթելու ոչ մի շանս չի ունենում, սակայն այս անգամ, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հարցումներում Ջոնսոնը ավելի քան 10 տոկոս ձայն է ստանում: Հաշվի առնելով, որ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը մեծ հեղինակություն չեն վայելում, Ջոնսոնը որոշակի հեռանկարներ կարող է ունենալ: Լիբերտարիան կուսակցությունն այս տարի նշում է իր ստեղծման 45-ամյակը: Այն հանդես է գալիս ազատ շուկայական տնտեսության, ազատ միջազգային առեւտրի, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման եւ այլ երկրների գործերին չմիջամտելու դիրքերից: 2012 թվականին Ջոնսոնն ստացել էր 1,27 մլն ձայն (մոտ մեկ տոկոս) և զբաղեցրել 3-րդ տեղը՝ դեմոկրատ Բարաք Օբամայից եւ հանրապետական Միթ Ռոմնիից հետո: