Բավ է պառակտվել
21-10-2015 10:31

Ջեք Գեւորգյանի կյանքի մասին նյութերը փոխանցել են Միչիգանի համալսարանին

Միչիգանի համալսարանի գրադարանին են փոխանցել Ջեք Գեւորգյանի կամ, ինչպես նրան նաեւ կոչում են, «Դոկտոր Մահի» կյանքի մասին նյութերը: Հավաքածուն, որը համալսարանին է փոխանցել հայտնի բժշկի զարմուհին՝ Ավա Յանուսը, ներառում է փաստաթղթեր, հիվանդների հետ նրա զրույցների աուդիո- եւ վիդեոձայնագրություններ, ինչպես նաեւ Գեւորգյանի ընտանիքի պատմական փաստաթղթերը: Փաստաթղթերի հավաքածուն ներկայացնում է Գեւորգյանի՝ ներգաղթյալի որդու, երաժշտի, կոմպոզիտորի եւ գիտնականի կյանքի այլ կողմը: Նա գերազանց է սովորել, խոսել է մի քանի լեզուներով: Տեսանյութերում ներկայացված են հիվանդների եւ նրանց հարազատների հետ Գեւորգյանի զրույցները, որտեղ նրանք բացատրում են, թե ինչու են որոշել դիմել էվթանազիայի օգնությանը: Ջեք Գեւորգյանը վախճանվել է 2011 թվականին, 83 տարեկանում: Նա մահվան իրավունքի օգտին շարժման հիմնական ձայնն էր եւ, իր իսկ գնահատականներով, անբուժելի 130 հիվանդի օգնել է հեռանալ կյանքից: Գեւորգյանը երկրորդ կարգի սպանության մեջ մեղադրվել է 1999 թվականին եւ 8 տարի բանտում անցկացրեց, իսկ հետո վաղաժամկետ պայմանականորեն ազատ արձակվել: