Բավ է պառակտվել
29-12-2015 14:38

Թուրքիայում քննարկում են ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն տալու հարցը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին: Տեղեկացնում է թուրքական «haberaktuel.com» կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին, ովքեր դեռ ողջ են և նրանց սերունդներին ՝մինչև 4-րդ սերունդ:
Օրինագծի համաձայն` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը տրամադրվելու է կոտորածների ու բռնագաղթի ժամանակ Թուրքիայի տարածքում բնակված քաղաքացիներին: Այն տարածվում է նաև 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակեպված կոտորածներից տուժած հայերի, հույների ու հրեաների, ինչպես նաև նրանց սերունդների վրա:
Օրինագծի` օրենքի վերածվելու դեպքում, Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները, ինչպես նաև կոտորածներից տուժած հույները, ասորիներն ու հրեաները Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով կարող են դիմել հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում:
Դրանք են` խնդրո առարկա ժամանակաշրջանի անձնագիրը, եկեղեցական արձանագրությունները, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունները, Օսմանյան կայսրության փաստաթղթերը, ընդունող երկրների համապատասխան մարմինների՝ Թուրքիայից արտագաղթած լինելու մասին փաստաթղթերը: