Բավ է պառակտվել
23-07-2016 11:48

Թուրքիայում կալանավորել են Էրդողանի 283 թիկնապահի

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական գվարդիայի 283 անդամի, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:

Գվարդիան, որը կազմված է նվազագույնը 2500 զինծառայողից, տեղակայված է Անկարայի նախագահական պալատում: Իշխանությունները 300 մարդու կալանքի թույլտվություն են տվել, առայժմ հասցրել են ձերբակալել նրանց, ովքեր գտնվել են մայրաքաղաքում:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին ասել էր, որ ապստամբությունից հետո 60 հազար մարդու ձերբակալություններն ու հեռացումները միայն «այսբերգի» երևացող մասն է, և խոստացել էր, որ ավելի մեծ թվով ձերբակալություններ կլինեն: Աշխատանքից հեռացվածների և ձերբակալվածների թվում 9 հազարը ոստիկաններ են, 3 հազարը՝ դատավորներ եւ 6 հազարը՝ զինվորականներ, ինչպես նաև ուսուցիչներ և համալսարանների դեկաններ:

Նախօրեին Թուրքիայում նաև որոշել էին ժամանակավորապես կասեցնել Մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի գործողությունը՝ կապված երկրում մտցված արտակարգ դրության հետ: Ըստ որում՝ նախագահ Էրդողանը չի բացառում երկրում մահապատիժը մտցնելու հնարավորությունը, որպեսզի ապստամբությունը հրահրողները «հատուցեն կատարածի համար»:

Թուրքիայում զինված ապստամբությունը սկսվեց հուլիսի 15-ի երեկոյան: Մի խումբ զինվորականներ հայտարարեցին, որ երկրի կառավարումը վերցնում են իրենց ձեռքը, որպեսզի ապահովեն քաղաքացների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Առավոտյան Թուրքիայի իշխանությանը հաջողվեց ամբողջովին վերականգնել իրավիճակի վերահսկողությունը: