Բավ է պառակտվել
29-04-2015 11:07

Սաուդյան Արաբիայի թագավորն անսպասելիորեն փոխել է թագաժառանգին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ-Սաուդը անսպասելիորեն փոխել է թագաժառանգին, ինչպես նաև մի քանի կարևոր փոփոխություններ արել կառավարությունում: Թագաժառանգի կարգավիճակից զրկվել է թագավորի կրտսեր եղբայրը: Նրան այդ տիտղոսում փոխարինել է Սալմանի զարմիկը` Մուհամեդ իբն Նաիֆը: Թագավորի մահվան դեպքում թագաժառանգն է հաջորդելու իրեն: Նա թագավորության հիմնադիր Աբդել Ազիզ իբն Սաուդի առաջին թոռն է: Արտաքին գործերի նախարարի պաշտոնից զրկվել է արքայազն Սաուդ իբն Ֆեյսալը, որը նախարարությունը գլխավորում էր վերջին 40 տարում: Նրան է փոխարինել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Ադել Ալ-Ջուբեյրը: Միապետի 29-ամյա որդին` Մուհամեդ բին Սալմանը, ով այժմ ղեկավարում է Եմենի ապստամբների դեմ ռազմական գործողությունները, ստացել է երկրորդ թագաժառանգի տիտղոսը: Փոխվել են ևս մի քանի առանցքային ղեկավարներ: 79-ամյա Նավթի նախարար Ալի բին Իբրահիմ Ալ-Նայիմին պահպանել է իր պաշտոնը, սակայն ազատվել է Saudi Aramco պետական նավթային ընկերության տնօրենի պաշտոնից: Սալման թագավորը իշխանության էր եկել այս տարվա հունիսին` իր նախորդի` Աբդալլահ թագավորի մահից հետո: