Բավ է պառակտվել
13-06-2016 09:03

Օռլանդոյում տեղի ունեցածն ամենախոշոր միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հաստատել է, որ Օռլանդոյում հրաձգություն իրականացրած Օմար Մատինը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում դեռևս 2013-ին:
Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում: «ՀԴԲ-ին առաջին անգամ Մատինի մասին հայտնի է դարձել 2013-ին, երբ նա կտրուկ մեկնաբանություններ էր արել գործընկերների հասցեին` ակնարկելով ահաբեկիչների հետ ունեցած կապերի մասին»,- հայտարարել է ՀԴԲ գործակալ Ռոնալդ Հոփերը:

Նա նշել է, որ այն ժամանակ ՀԴԲ-ն ստուգել է ականատեսների ցուցմունքները, կասկածյալի ձայնագրությունները, ինչպես նաև տղամարդուն վերցրել հսկողության տակ և 2 անգամ հարցաքննել: Այն ժամանակ չի հաջողվել հաստատել նրա կապն ահաբեկիչների հետ, և հետաքննությունը դադարեցվել է: Երկրորդ անգամ նրան ստուգել են ամերիկացի մահապարտ ահաբեկիչ Աբու Սալահի հետ ունեցած կապի առնչությամբ: Այդ ժամանակ էլ ՀԴԲ գործակալները եզրակացրել են, որ նա ոչ մի սպառնալիք չի ներկայացնում:
Անվտանգության՝ աշխարհում խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը`G4S-ը, որտեղ աշխատել է Մատինը, հայտարարել է հետաքննությանն ամեն կերպ աջակցելու պատրաստակամության մասին:

«Մենք ապշած և հուզված ենք ողբերգական դեպքի պատճառով, որը տեղի է ունեցել Օռլանդոյի գիշերային ակումբում: Մենք հաստատում ենք, որ Օմար Մատինն աշխատել է G4S-ում 2007թ. սեպտեմբերի 10-ից: Մենք ամբողջությամբ համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ, որոնք անցկացնում են հետաքննությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Հանցագործի նախկին կինը հայտարարել է, որ վերջինս ցանկացել է ոստիկան լինել, և իրենց համատեղ կյանքի ընթացքում հրազեն ձեռք բերելու իրավունք է ունեցել: Կինը նշել է, որ նախկին ամուսինը հոգեկան անհավասարակշռություն է ունեցել: Նրանք միասին են ապրել ընդամենը 4 ամիս:

Օմար Մատինի հայրը`Սադիք Մատինը, որպես հաղորդավար է աշխատում ԱՄՆ-ում աֆղանական արբանյակային հեռուստաալիքում, հայտնում է NBC News-ը: Նա Աֆղանստանից է, վարում է քաղաքական հաղորդում, որում աջակցություն է հայտնվում հակապակիստանյան ուղղությանը: Սադիքը նշել է, որ ընտանիքը չի իմացել Օմարի պլանների մասին: Նա կարծում է, որ որդու գործողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն կրոնի հետ: Սակայն նա հայտնել է, որ որդին բազմիցս կտրուկ է արձագանքել միասեռ կապերի հրապարակային դրսևորումներին: