Բավ է պառակտվել
30-04-2015 13:41

Չինաստանում 19 օրում կառուցվել է 57-հարկանի երկնաքեր (տեսանյութ)

Broad Sustainable Building Co. Շինարարական ընկերությունը 19 աշխատանքային օրում երկրի կենտրոնական հատվածում կառուցել է 57-հարկանի երկնաքեր: Մետաղից և ապակուց այդ ուղղանկյուն շինությունը հայտնվել է Հունան նահանգի Չանշա համայնքում: Շենքի կառուցման ժամանակ շինարարները օգտագործել են մոդուլային մեթոդը, որը նրանց թույլ էր տալիս օրեկան երեք հարկ կառուցել: Այդ մեթոդը գործածվում է նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, սակայն այն ճարտարապետների շրջանում հարգանք չի վայելում շինությունների չափազանց պարզունակ արտաքին տեսքի պատճառով: Շենքի կառուցման գործընթացի տեսանյութը, որը կրում է Mini Sky City խորագիրը, դարձել է չինական համացանցի ամենատարածված տեսանյութերից մեկը: Հայտնի է, որ շենքի համար նախատեսված 2736 մոդուլները ստեղծվել են ավելի քան չորս ամսվա ընթացքում: Երկնաքերի առաջին 20 հարկը կառուցվել է նախորդ տարի, իսկ վերջին 37 հարկը՝ այս տարվա փետրվարին: Mini Sky City բնակելի և գրասենյակային շինությունների առաջին վաճառքները կսկսվեն մայիսին: Ավելի վաղ կառուցող մարմինը հայտարարել էր նույն նահանգում ռեկորդային սեղմ ժամկետներում՝ երեք ամսում 220-հարկանի, շուրջ 838 մետր բարձրությամբ աշխարհի ամենաբարձ երկնաքերը կառուցելու մտադրության մասին: 2014 թվականին Broad Sustainable Building Co. Ընկերությունը սկսեց նախապատրաստել 120 օր տևողության նախագծի իրականացումը: Այսօր ընկերությունը շինարարության թույլտվությանն է սպասում: Ներկայումս աշխարհի ամենաբարձր շինությունն է համարվում Դուբայում կառուցված 828-մետրանոց «Բուրջ Խալիֆա» երկնաքերը: