Բավ է պառակտվել
06-05-2015 10:33

Մտահոգիչ ներքին ճգնաժամ է հասունանում Իսրայելում (տեսանյութ)

Օրերս Հրեական պետության Հոլոն քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից անվտանգության նկատառումներով փակված փողոցը հեծանիվով հատած ծագումով եթովպացի հրեա զինծառայողի հանդեպ բռնություն կիրառելու փաստը և վերոնշյալ միջադեպը հավաստող տեսանյութի լայնորեն տարածումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել միաժամանակ իսրայելական մի քանի քաղաքներում: Այս թեմայով gisher.news-ն զրույցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ. «Ապրիլի 30-ից ընդդեմ տարաբնույթ խտրականության և ռասիզմի դրսևորումների՝ փողոց դուրս եկած հազարավոր եթովպացի հրեաների ու իսրայելական հասարակակության այլ համայնքների ներկայացուցիչների և ոստիկանության միջև հրահրված բախումների հետևանքով արդեն իսկ տուժածների թիվը հասել է 68-ի, որից 56-ն՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկրում ստեղծված իրավիճակը բնորոշել է «մտահոգիչ»՝ նշելով, որ «թեպետ բողոքի ակցիաները կարևոր ժողովրդավարական գործիքներ են, այնուամենայնիվ խնդիրները չեն կարող կարգավորվել բռնության միջոցով»»,-մանրամասնեց փորձագետը: Արմեն Պետրոսյանի փաստեց, որ չնայած այդ հանգամանքին՝ եթովպացի հրեաները որոշում են կայացրել դեռ որոշ ժամանակ շարունակել բողոքի գործողությունները: «Կառավարության ձևավորուման վերջնաժամկետից ընդամենը 48 ժամ առաջ նախկին կոալիցիոն գործընկեր և ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի կողմից ապագա կառավարությանը մաս կազմելու առաջարկից հրաժարվելու և ընդդիմադիր դիրքերից հանդես գալու վերաբերյալ հայտարարությունից հետո նոր քաղաքական դաշինքին անդամակցելու մասին իրենց համաձայնությունը հայտնած ուժերի հնարավորություններով իշխանությունները Կնեսետում մեծամասնություն են կազմում ընդամենը 1 մանդատով՝ ունենալով, ընդհանուր առմամբ, 61 ներկայացուցիչ:
Որոշ վերլուծաբաններ էլ անգամ նշում են, որ եթե անգամ Բ.Նեթանյահուին հաջողվի նոր կառավարություն ձևավորել, ապա հազիվ թե այն կարողանա գոնե մեկ տարի գոյատևել»,-շարունակելով միտքը նշեց արաբագետը: Վերջինիս խոսքով՝ վերոնշյալի համատեքստում վճռորոշ կլինեն առաջիկա 2 օրերը: «Եթե, այնուամենայնիվ, Նեթանյահուին չհաջողվի մեղմել մի կողմից ներքին հասարակական դժգոհությունները երկրի ներսում, ապա նաև թեկուզ առժամանակ ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ հետագայում նոր դաշնակիցներ ներգրավելու հեռանկարով, ապա Իսրայելում գործող օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահը կամ պետք է նոր կառավարության ձևավորման մանդատը տրամադրի ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցհակ Հերցոգին, կամ նշանակի նոր խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Արմեն Պետրոսյանն ու ավելացրեց. «Բոլոր սցենարների պարագայում էլ ակնհայտ է այն իրողությունը, որ տևական ժամանակ առնվազն զգալիորեն դանդաղելու է Իսրայել պետության զարգացման բնականոն ընթացքը»:


Կից ներկայացվում է եթովպացի հրեա զինծառայողին բռնության ենթարկելու մասին տեսանյութը:

Տաթև Առքելյան