Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը լարվածություն չի առաջացնի Բեռլինի և Անկարայի հարաբերություններում:
«Դա գերմանական Բունդեսթագի անկախ որոշումն է: Թուրքիան սպասելի արձագանք է դրսևորել, և ես հույս ունեմ, որ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում մեզ կհաջողվի այնպես կառուցել մեր հարաբերությունները, որպեսզի խուսափենք չափազանց բուռն արձագանքից», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Նշվում է, որ Շտայնմայերը ներկա պահին այցով գտնվում է Արգենտինայում:
Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը. դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիան ետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին: