Բավ է պառակտվել
28-06-2016 12:56

Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել

Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը, Ստամբուլի իրավաբանների միության փաստաբան Էրջան Քանարը:

Հայցվորները Գերմանիայի դաշնային դատախազության են ներկայացրել 200 էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ»:

Բացի նախագահից նույն մեղադրանքը ներկայացվել է շուրջ 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, որոնց թվում են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, պաշտպանության նախկին նախարարներ Իսմեթ Յըլմազը, և Մեհմեթ Վեջդի Գյոնյուլը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ:

Ներկայացված դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, հիմնականում Շըրնաքում և Ջիզրեում տեղի ունեցած դեպքերն են: Գործին առնչվող վկաների ցուցմունքները դիմումին կից ներկայացվել են դատախազությանը: Նշվում է, որ սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեում նկուղներում սպանվել են 178 քաղաքացիներ:

Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ այդ տարածք արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը:

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնամխելիությունը չի վերացնում հանցանքը:

«Այս դիմումը կարող է մինչև Հաագայի միջազգային դատարան հասնել»,-ասել է իրավաբանը՝ նշելով, որ այս գործընթացը ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում աճել է Էրդողանից և նրա վարչախմբից հաշիվ պահանջելու վճռականությունը: