Բավ է պառակտվել
27-04-2014 20:24

Քալիֆորնիայի օրենսդրական ժողովը բանաձեւ է ընդունել` ի պատիվ հայերին օգնություն ցուցաբերած ամերիկացիների

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդրական ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել` ի պատիվ Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի ակնառու ծառայության եւ այն ամերիկացիների, որոնց օգնությամբ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված 132 հազար որբ երեխաներ մարդասիրական օգնություն են ստացել: Այս մասին հայտնել են Ամերիայի Հայ Դատի գրասենյակի արեւմտյան բաժնի մամուլի ծառայությունից:

Մուտքի խոսքում բանաձեւի նախագծի հեղինակ, օրենսդրական ժողովի անդամ Յան Կալդերոնը Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի գործունեության ֆոնն է ներկայացրել, նշելով, որ այն Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից լիազորություններ ստացած ամենահին ոչ կառավարական մարդասիրական կազմակերպությունն է եղել, որի նախաձեռնությամբ ավելի քան հազար ամերիկացի կամավորներ թողել են իրենց հարմարավետ կյանքը եւ ամբողջ աշխարհը շրջագայել` օգնության տրամադրման ջանքերում իրենց ներդրումն ունենալու համար: Նրանք ավելի քան 132 հազար որբ երեխաներ եւ 1 մլն փախստականների են փրկել, ինչպես նաեւ 117 միլիոն դոլարի չափով օգնություն հավաքել եւ ըստ նշանակության տրամադրել: Խորհրդարանականի խոսքով, Քալիֆորնիայում այդ գործողությունները ղեկավարել են պետական պաշտոնատար անձինք, ինչպիսիք են Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետ Ջեյմս Ռոլֆ-կրտսերը եւ Կոմիտեի` Քալիֆորնիա նահանգի ղեկավար, դատավոր Կերտիս Վիլբուրը:

Ելույթի ավարտին Յան Կալդերոնն արժեվորել է ANCA-ի արեւմտյան բաժնի կողմից կազմակերպված, «Ամերիկա, մենք շնորհակալ ենք քեզ. հայերի տուրքը Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեին» անվամբ քարոզարշավը, ասելով, որ այն նպատակ ունի շնորհակալություն հայտնել այն օգնության համար, որի արդյունքում բազմաթիվ հայեր փրկվել են Ցեղասպանությունից: