Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է այցելելու ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Независимая газета-ին հայտնել են, որ պլանավորված այցի շրջանակներում Շոյգուն հանդիպելու է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ, իսկ բանակցություններից հետո կայանալու է 2015թ.-ին գերատեսչությունների միջև համագործակցութան նախագծի ստորագրումը:
Սերգեյ Շոյգուին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ստորագրվելիք համագործակցության նախագծի տեքստը չի հրապարակվում: Սակայն կարելի է ենթադրել, որ այն դուրս չի գա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակից: Մասնավորապես՝ խոսքը կարող է լինել ռազմական տեխնիկայի գնման և կադրերի պատրաստման մասին:
Բացառված չէ, որ կողմերը կխոսեն նաև հնարավոր սպառնալիքների դեմ համատեղ պայքարի մասին, որոնք գալիս են Մերձավորարևելյան տարածաշրջանից: Այդպես է, թե ոչ, հայտնի կլինի առաջիկա օրերին:
Վերլուծաբանները, խոսելով ավելի վաղ չհայտարարված այս այցի մասին, նշում են այն հանգամանքը, որ դրանից երկու օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացել է ընդլայնված նիստ՝ վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորությամբ: Դրա ընթացքում քննարկվել են կոնկրետ հարցեր, որոնք առնչվում են երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Հստակություն մտցնելու համար Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նիստի ընթացքում քննարկվել է ԶՈՒ զինանոցում որոշ զինատեսակների արդիականացման և բանակը ժամանակակից տեխնիկայով ապահովելու հարցեր:
Ելնելով դրանից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակը հիմնականում զինված է ռուսական արտադրության զինտեխնիկայով, կարելի է առաջ քաշել մի շարք հարցեր, որոնք ադրբեջանական կողմը մտադիր է քննարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ:
Ռազմական փորձագետների կարծիքով՝ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարների հաճախակի դարձած այցերն Ադրբեջան վկայում են երկու երկրների համագործակցության հաջող ընթացքի մասին:
Այդ մասին ամռանը խոսել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի զենք գնելու մասշտաբները տպավորիչ են: Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը գնել է 3,35 մլրդ դոլարի սպառազինություն: Հատկանշական է, որ այդ գումարի 80% -ը բաժին է ընկել Ռուսաստանին:
Թե ինչ ուրիշ տեխնիկա է պլանավորում Ադրբեջանը գնել Ռուսաստանից, հավանաբար հայտնի կդառնա Շոյգուի հետ բանակցություններից հետո:
Բավ է պառակտվել