Բավ է պառակտվել
14-01-2016 13:00

Ադրբեջանի իշխանությունները փակել են տարադրամի փոխանակման կետերը

Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը։ Այժմ տարադրամ փոխանակել հնարավոր է միայն բանկերի կենտրոնական գրասենյակներում և մասնաճյուղերում: «Պայմանավորված տարադրամի փոխանակման կետերում գործողությունների աճով՝ Կենտրոնական բանկը սահմանափակել ու կրճատել է փոխանակման կետերի գործունեությունը՝ արդյունավետ և օբյեկտիվ կարգավորման համար»,-ասված է կարգավորող մարմնի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Փոխանակման կետերի գործունեությունը պահպանվելու է միայն զբոսաշրջային վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում կամ օդանավակայաններում: 
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ երկրում գործում է բանկերի 914 մասնաճյուղ և բաժանմունք, որոնցից 458-ը՝ շրջաններում։
Կարգավորողի կարծիքով՝ այդ ցանցը կարող է բավարարել բնակչության տարադրամի փոխանակման պահանջարկը։ 
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը զսպելու նպատակով երկրի իշխանությունները ձեռնարկում են վարչական միջոցառումներ` փակելով տարադրամի փոխանակման կետերը: Սակայն տվյալ իրավիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկը որևէ հայտարարություն չէր արել։