Բավ է պառակտվել
15-04-2016 12:52

Ադրբեջանում ավիրել են թալիշական գերեզմանոցը

Ադրբեջանի Աստարա շրջանի թալիշ ազգությամբ բնակեցված Շիակերան գյուղի գերեզմանոցում ոչնչացվել և լիակատար անմխիթար վիճակի են հասցվել մոտ 20 տապանաքարեր: Ըստ գյուղացիների, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, իսկ ցերեկը, երբ նրանք եկել են գերեզմանատուն, նրանք ականատես են եղել սարսափելի տեսարանի: Ոստիկանությունն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին: Գյուղ ժամանելով ոստիկանության աշխատակիցները, նախաքննությունից հետո, ձերբակալել են կասկած հարուցող մի տեղացու:
Թալիշներն իրանական հնագույն ժողովուրդներից են, որոնք բնակվում են Ադրբեջանի հարավ-արևելյան` Իրանին սահմանամերձ կասպիական շրջաններում, նաև` Բաքվում և հարակից շրջաններում: Ադրբեջանի թալիշները շիադավան են:
Թալիշների հետ կապված կնճռոտ հարցերից մեկն այդ ժողովրդի թվաքանակի մասին տարաբնույթ տվյալներն են։ Համաձայն 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի` նրանց թիվը 87.000 է, սակայն կան նաև այլ տվյալներ, որոնք ժողովրդագրական բարձր ցուցանիշ ունեցող թալիշների իրական թիվը համարում են մինչև 1,5 մլն:
Թալիշական ազգային զարթոնքի հարցում մեծ նշանակություն ունեցավ 1993թ. հունիսին թալիշ մի խումբ ազգայնական գործիչների կողմից Ադրբեջանի կազմում Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հռչակումը, որը նույնպես շատ կարճ կյանք ունեցավ` գոյատեւելով մինչեւ օգոստոս ամիսը: Կենտրոնական իշխանության կողմից թալիշական հուզումները դաժանորեն ճնշվեցին, բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում` շարժման ղեկավարները, հայտնվեցին բանտերում և ընդհատակում, շատերը տարագրվեցին: Իշխանությունների ձեռնարկած քայլերը նաեւ հոգեբանական նշանակություն ունեցան` թալիշական շրջաններում ստեղծելով վախի մթնոլորտ։ Թալիշական էթնոսի եւ թալիշական ազգային խնդիրների գոյության փաստն Ադրբեջանում այլևս փակուղի մտավ: