Բավ է պառակտվել
21-08-2015 14:30

Դատախազը 9 տարի է պահանջել Խադիջա Իսմայիլովայի համար

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ պետական մեղադրող Ռամազան Խադիևը կոչ է արել լրագրող Խադիջա Իսմայիլովային 9 տարվա ազատազրկման դատապարտել: Պետական մեղադրողի խոսքով՝ դատական քննությունն ապացուցել է Իսմայիլովայի մեղքը բոլոր կետերով։ 
Մեկնաբանելով դատախազի ելույթը՝ փաստաբան Ֆարիզ Նամազլըն ասել է, որ պաշտպանությունը համաձայն չէ դատախազի հետ և կպահանջի արդարացնել Իսմայիլովային։ Իրավապաշտպան կազմակերպությունն Իսմայիլովային ճանաչել է «խղճի բանտարկյալ»։ Նրան ազատելու կոչեր են հնչեցրել ԱՄՆ-ն և ԵՄ-ն, միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները։ 
Իսմայիլովայի գործով հաջորդ դատական նիստը, որտեղ պետք է ելույթ ունենան փաստաբանները, նշանակված է օգոստոսի 26-ին։ 
Իսմայիլովան ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ մեղադրանք է առաջադրել ևս 3 հոդվածներով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել։