Բավ է պառակտվել
26-11-2015 16:51

Ադրբեջանում բախումների արդյունքում 6 զոհ կա

Ադրբեջանի Նարդարան բնակավայրում այսօր հատուկ գործողություն է անցկացվել, որի ընթացքում իրավապահներին զինված դիմադրություն է ցուցաբերվել և նրանց ուղղությամբ նռնակ նետվել: Պատասխան կրակի արդյունքում կրակ բացած անձանցից չորսը սպանվել են, մի քանի հոգի՝ վիրավորվել: 
Զոհվել է երկու ոստիկան: Այդ մասին հաղորդվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ: 
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ զինված ծայրահեղական իսլամիստական խումբը սադրանքների, ահաբեկչությունների և զանգվածային անկարգությունների շարք էր պատրաստում:
Այդ խումբը վնասազերծելու նպատակով Ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ Նշվում է, որ խմբի անդամները երկրում սահմանադրական կարգի բռնի փոփոխություն և երկրում շարիաթի նորմերի սահմանում էին պատրաստում Այդ նպատակով նրանք ստեղծել էին «Մահմեդական միասնություն» անվանումով շարժումը և աջակիցներ էին հավաքագրում Բաքվից և երկրի տարբեր շրջաններից ու նրանց զենք ու պայթուցիկ նյութեր մատակարարում: 
Նշվում է, որ խումբը Նարդարանում անօրինական հավաքներ է կազմակերպել՝ քննարկելով բողոքի ակցիաների կազմակերպման հարցը։ Բացի այդ, որոշվել է պետական պաշտոնյաների ցանկ, որոնց դեմ ահաբեկչություններ էին պատրաստվում: