Բավ է պառակտվել
03-07-2014 16:42

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հաղթական շքերթ է խոստանում

Ուկրաինայի պաշտպանության նորանշանակ նախարար Վալերի Գելետեյը խոստանում է հաղթանակի շքերթ անցկացնել Սեւաստոպոլում: Այս մասին հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում:

Գելետեյը վստահ է, որ ուկրաինական բանակը հաջողության կհասնի հակաահաբեկչական գործողության ընթացքում:

«Հաղթանակի շքերթն անցկացնելու ենք ուկրաինական Սեւաստոպոլում»,- խոստացել է նորանշանակ նախարարը:

Ինչպես հաղորդվել էր, Ուկրաինայի Գերագույն Ռադան պետական պահպանության ծառայության ղեկավար Վալերի Գելետեյին նշանակել է պաշտպանության նախարար:

Իսկ ավելի վաղ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել էր, որ նորընտիր նախագահի առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է «Ղրիմի հարցի» լուծումը՝ ընդգծելով, մասնավորապես, որ Ղրիմը վերադարձվելու է Ուկրաինային:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է, որ «Ուկրաինան Մարդու իրավունքների Եվրոպական դատարան հայց է ներկայացրել Ղրիմի յուրացման հարցով»: