Բավ է պառակտվել
21-02-2014 10:30

Ուկրաինայում կարող է վրացական սցենարը կրկնվել

«Նախկին խորհրդային երկրի ղեկավարը ծայրահեղականների դեմ պայքարի հարցում օգնության համար դիմել է Ռուսաստանին։ Դա 2008 թվականն էր, դա Վրաստանն էր»,- գրում է Газета-ն։

Ըստ պարբերականի ինչպես և 2008թ-ին, ներկայում ևս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին ու Եվրոպային բանակցությունների անվան տակ Վրաստանն Արևմուտքի կողմը շեղելու փորձերի համար։ Արդյունքում Ռուսաստանը ներխուժեց վրացական տարածք, իսկ ռուսական բանակն առայսօր գտնվում է Վրաստանում։

Ըստ վերլուծաբանների այդ սցենարը կարող է կրկնվել ներքաղաքական ճգնաժամի թիրախում հայտնված Ուկրաինայում, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում իրավապահների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 77 մարդ։

The USA Today-ը նշում է, որ Ուկրաինան մնացել է Արևմուտքի ու Պուտինի միջև, և «վերջինս մտադիր չէ հետխորհրդային պետությանը թույլ տալ սողոսկել»։

Հոդվածագրի կարծիքով՝ Պուտինը երբեք էլ չի ընդունել Ուկրաինայի կամ որևէ այլ նախկին խորհրդային պետության ինքնիշխանությունը։ Այդ երկրների կորուստը նա նկարագրում է որպես «դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ»։

Ռուս ղեկավարի առաջնահերթություններից մեկը հետխորհրդային պետությունների վերաինտեգրումն է՝ տնտեսական ու քաղաքական կապերի ամրապնդման միջոցով։