Բավ է պառակտվել
10-04-2014 11:54

Թուրք այլախոհը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երեկ, ապրիլի 9-ին,ԱՄՆ մի շարք օրենսդրականների նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն է տեղի ունեցել:

Ամենամյա արարողությանն իրենց մասնակցությունն են բերել Կոնգրեսի երկու պալատների` Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովների նախագահներ Մենենդեսը եւ Ռոյսը, ինչպես նաեւ օրենսդիր մարմնի շուրջ 25 այլ անդամներ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը: Արարողությանը հիմնազեկույցով է հանդես եկել հայտնի թուրք այլախոհ Ռագըփ Զարաքոլուն: Նա Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ վերջ դնել Թուրքիայի` մարդկության դեմ մեծագույն հանցագործության ժխտման քաղաքականությանը:

Արարողության կազմակերպմանը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին աջակցել են երկրում ՀՀ դեսպանատունը, ԼՂՀ գրասենյակը եւ այլ հայկական կազմակերպություններ: Կոնգրեսականներ Մենենդեսից եւ Ռոյսից զատ, զեկույցներով են հանդես եկել ANCA-ի ֆիլադելֆյան գրասենյակը ներկայացնող Արա Չալյանը, ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ գրասենյակի ղեկավար Ռոբերտ Ավագյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի եպիսկոպոս Անուշավան Դանիելյանը, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը եւ արարողությանը մասնակից գրեթե բոլոր օրենսդիրները:

Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն անդրադարձել է Ռագըփ Զարաքոլուի հիմնազեկույցին, նշելով, որ հարգարժան այլախոհի աղդեցիկ ճառը, մնացած բոլոր զեկույցների ուղեկցությամբ, հզոր ազդակ է Անկարային եւ Թուրքիայի` Վաշինգտոնում գտնվող դաշնակիցներին` «մեր սկզբունքային կողմնորոշման եւ ճշմարտությանն ու արդարությանը նվիրվածության վերաբերյալ»:

Ռագըփ Զարաքոլուի ազդեցիկ ելույթին են անդրադարձել նաեւ ANCA-ի այլ անդամներ: Թուրք այլախոհը մասնավորապես ասել էր, որ եթե Միացյալ Նահանգներն իրենց Թուրքիայի բարեկամն են համարում, ապա պետք է աջակցեն այդ երկրի ժողովրդավարացմանը, ինչի համար առաջին քայլ պետք է լինի պատմության, 1915թ. իրականությանը ընկալումը: «Թուրքական կառավարությունը աբսուրդիզացիայի միջոցով հանրային կարծիք է ձեւավորում: Այդ խաղին, դժբախտաբար, իր մասնակցությունն ունի ԱՄՆ-ն, ինչի համար շատ ցավում եմ»,-ասել է նա: