Բավ է պառակտվել
08-08-2014 14:02

Թուրքիայի հայ համայնքը պահանջում է, որպեսզի Էրդողանը ներողություն խնդրի

Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունից դժգոհ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ներողություն խնդրել իրենցից, տեղեկացնում է «Դողան» գործակալությունը:

Նրանք հավաքվել են «Ակօս» թերթի խմբագրատան մոտ: Նրանք պարզել են Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել «Ատելության գլուխն Էրդողանն է», «Հայերից ներողությո՛ւն խնդրիր, Էրդողա՛ն», «Ուս ուսի՝ ընդդեմ ռասիզմի» և այլն:

Nor Zartonk հասարակական կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրը նշել է, որ Էրդողանի հայտարարությունները նորություն չէին իրենց համար, և սրանից առաջ էլ նման խոսքեր շատ են լսել:

Թեքիրը նշել է, որ նման ռասիստական հայտարարությունները նպաստում են տարբեր էթնիկ ինքնությունների, եկեղեցիների, սինագոգների դեմ հարձակումների իրականացմանը:

Ըստ նրա՝ հավատքն ու ինքնությունը հաշվի չառնող, նվաստացնող անձը նախագահ ընտրվելու դեպքում իր ներկայացուցիչը չի լինելու:«Մենք՝ հայերս, որպես Թուրքիայում բնակվող ազգերից մեկը, նախընտրական հաշվարկներում գործիք դառնալ չենք ուզում, մեր ազգայնական զգացմունքների շահագործումը մերժում ենք»,-ասել է նա:

Թեքիրը նշել է, որ հայերը ցանկանում են ազատ, հավասար և ժողովրդավար միջավայրում ապրել, իսկ Էրդողանից ներողություն խնդրել է պահանջել, հակառակ դեպքում հայերին կոչ անելով դատի տալ նրան:

Հիշեցնենք, որ NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Էրդողանը հայտարարել էր, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ների կողմից իր հասցեին եղել են վիրավորական հրապարակումներ, մասնավորապես՝ իրեն հայ են անվանել: