Բավ է պառակտվել
16-05-2014 18:51

Պայթյունից տուժած թուրքական ածխահանքում բացակայել են ածխագործների անվտանգությունը ապահովող պայմանները

Այն բանից հետո, երբ Թուրքիայի Սոմա ավանի ածխահանքում ողբերգական վթար տեղի ունեցավ, պարզվեց, որ այնտեղ չի եղել հանքարդյունաբերության կանոնակարգի պահանջներից բխող «ապաստարան-սենյակներ»: Սա հատուկ նախատեսված մի վայր է` պահեստավորված պարենամթերքով և դրսից թթվածին ստանալու անհրաժեշտ սարքավորումներով, որտեղ վթարի ժամանակ կարող են պատսպարվել հանքափորները:

Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը հիշեցնում է, որ ածխահանքը շահագործող «Սոմա հոլդինգ»-ի նախագահ Ալփ Գյուրքանը դեռևս 2013-ի ապրիլի 29-ին «Դունյա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ ածխահանքն ունի վթարի դեպքում նախատեսված ապաստարան-սենյակներ, որտեղ ավելի քան 500 հանքափոր կարող են 20 օր դիմանալ` ունենալով սննդի, ջրի, թթվածնի անհրաժեշտ պաշար:
Սակայն վթարը տեղի ունեցավ ու պարզվեց, որ նման «սենյակ-ապաստարաններ» չեն եղել: Արդեն պաշտոնապես հաստատվել է 284 զոհի մասին տեղեկությունը:

«40 հոգու համար նախատեսված նման մի ապաստարան-սենյակի ինքնարժեքը 250.000 դոլար է կազմում: Այլ կերպ ասած, եթե 5 մլն դոլար ծախսեին ու կառուցեին 20 ապաստարան, ապա Սոմայի հանքափորները կփրկվեին»,- դիտարկում է արել օրաթերթը: