14-05-2014 17:14

Թուրքիան մերժել է այլ երկրների կողմից առաջարկված օգնությունը

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմայի շրջանի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից հետո հանքում անօգնական մնացածների ու անհետ կորածների հայտնաբերման ու փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար մի շարք երկրներ պաշտոնապես օգնություն են առաջարկել Թուրքիային։
ԱՄՆ-ը եւ Եվրոպական մի շարք երկրներ եւ խոշոր կազմակերպություններ առաջարկել են իրենց օգնությունը Թուրքիային՝ Սոմայի ածխահանքում պայթյունի հետեւանքների վերացման, հանքում մնացածներին որոնելու աշխատանքների համար։

Թուրքիայի ԱԳՆ-ը դրսի բոլոր առաջարկներն ուղղել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն վերջինս մերժել է բոլոր առաջարկները՝ հայտնելով, որ Թուրքիայի հնարավորությունները ներում են իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները եւ միայն անհրաժեշտության դեպքում կդիմեն միջազգային օգնությանը։

Նշենք, որ Մանիսա նահագի Սոմայի շրջանում գտնվող ածխահանքում էնթակայանի պայթյունի հետեւանքով տարբեր աղբյուրներով զոհվել են մոտ 350 հանքափոր։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ տարբեր աղբյուրներով հանքում առանց դրսի կապի են մնացել մոտ 450 աշխատակից։