Բավ է պառակտվել
27-03-2014 12:19

Թուրքիան անմիջականորեն կապ ունի Քեսաբի ավերածությունների հետ. ՛՛Ակօս՛՛

Թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը սահմանադռնից 3 կմ հեռավորությամբ է գտնվում հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ ավանը, որը մարտի 21-ից իսլամիստական խմբավորումների վերահսկողության տակ է: Քեսաբցի հայերը՝ մոտ 2.000 մարդ, լքեցին իրենց տները։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չգրանցվեցին, իսկ այժմ Սիրիայի բանակը վերահսկողություն հաստատելու համար ռմբակոծում է ընդդիմադիրներին։ Հայերի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս բնակավայրի ապագայի հանդեպ լուրջ կասկածներ կան.գրում է ՛՛Ակօս՛՛-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը՝ անդրադարձ կատարելով Քեսաբի իրադարձություններին: Քեսաբը, Թուրքիայի տարածքում մնացած Վաքըֆլը գյուղի հետ, հայերի դարեր առաջ բնակություն հաստատած պատմական հայրենիքի մի մասն է։ Բնակավայրը տարիներ շարունակ հայրենիք է համարվել, և չնայած շատ հանգամանքների՝ հայերը չեն կարողացել լքել այն, և չնայած դժվարություններին՝ շարունակել են ապրել այնտեղ և «դողալ Քեսաբի վրա»։ Քեսաբի գրավումն իսլամիստ զինյալների կողմից աշխարհի չորս կողմերում հայերին մեծ ցավ պատճառեց։ Միջերկրական ծովից 8 կմ հեռավորությամբ գտնվող ավանն ունի 5.500 բնակիչ, որոնց 80%-ը հայեր են։ Քաղաքային խորհրդի 10 անդամներից 8-ը հայեր են, երկուսը՝ ալևիներ։ Բնակավայրը զինյալների ձեռքն անցնելուց հետո թալանվել է։ Հայաստանի հանրությունը վստահ է, որ թուրքական պետությունը վերջին հարձակումների հետ անմիջական կապ ունի։ Ինչքան էլ փորձի Թուրքիան հակառակը պնդել, շատերն այդ երկրի և թուրքերի հանդեպ հիշողություններն էլ հաշվի առնելով, Թուրքիայի դեմ են տրամադրվում։ Քեսաբի մոտ սիրիական ինքնաթիռի կործանումն ամրապնդում է այն կասկածները, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է զինյալներին։ Թվում է՝ որքան էլ Թուրքիայի արտգործնախարարությունը փորձի սիրիահայերի աչքում դրական կերպար ստեղծել, իր հանդեպ եղած կասկածները ցրելը հեշտ չի լինելու: «Այդ արձագանքներից խուսափելու միակ ճանապարհը զինյալ խմբերին աջակցությունը դադարեցնելն է։ Սակայն դրա համար էլ, հավանաբար, արդեն ուշացել է։ Սիրիայի պատերազմին ալևի, սուննի, քուրդ և քրիստոնյա զոհերին ավելացան նաև Քեսաբի հայերը։ Հուսանք, որ այդ ցավերը շուտ կավարտվեն, և Սիրիայի ժողովուրդը բաղձալի խաղաղությանը կհասնի»,- գրում է հոդվածագիրը։ Քեսաբի համար բացասական արձագանքներն ավելանում են

• Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին նամակ հղելով՝ Քեսաբի հայերի կյանքի համար մտահոգություն է հայտնել։ Սարգսյանը նամակում գրել է. «Բոլորս Քեսաբի պատմությունը շատ լավ ենք հիշում։ Անցյալ հարյուրամյակում հայերն այստեղ դժոխային իրադարձությունների են ականատես եղել»։         • Հալեպի ազգային կառավարման ներկայացուցիչներից Կարո Յուզբաշյանը նշում է, որ «Քեսաբցիների վերադարձը բնակավայր հեշտ չի լինելու, սակայն մի օր անպատճառ վերադառնալու են»։ Իսկ Ներսես Սարգիսյանը հիշեցնում է, որ Քեսաբը «Պատմական Հայաստանից մնացած վերջին բեկորն է», և դա ոչ թե տարածաշրջանային, այլ ազգային հարց է։

• Ամերիկահայերի ազգային կոմիտեն Քեսաբի հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշել Թուրքիային՝ Քեսաբի վրա հարձակված իսլամիստներին տրամադրող օգնությունը դադարեցնելու համար։
«Գեղեցիկ տան» պատմությունը
Քեսաբի շրջանն ավելի քան 6.000 տարվա պատմություն ունի։ Ժամանակին այն կարևոր առևտրային ճանապարհների վրա է եղել։
Առաջին գրավոր վկայությունը Քեսաբի մասին Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ է արվել։ Այն ժամանակ շրջանը հիշատակվում է որպես «Քասբիսի», իսկ լատիներեն cassabella անվանումը թարգմանաբար «Գեղեցիկ տուն» է նշանակում։
Դեպի Քեսաբ հայերի հոսքը 14-15 դարերում է ակտիվացել։ 20-րդ դարասկզբին մոտ 6.000 բնակչություն ունեցող ավանում 20-ից ավելի դպրոց և 5 մեծ եկեղեցի է եղել։
1909թ. Ադանայի (Կիլիկիայի) ջարդերի հետևանքով Քեսաբն էլ է հարձակման ենթարկում։ Ժողովուրդը ֆրանսիական նավով ապաստան է գտնում Լաթաքիայում և մեկ տարի մնալուց հետո դարձյալ վերադառնում է Քեսաբ։
1915թ.-ին Քեսաբի հայերը դարձյալ բռնում են գաղթի ճամփան։ Բնակչության մի մասն ուղարկվում է Դեյր Զոր, մյուս մասը՝ Հորդանան։
Օսմանյան կայսրության սահմանների մեջ տեղ գտած Քեսաբը 1938թ.-ին ստեղծված Հաթայի Հանրապետության կազմ մտավ։ 1939թ.-ին, երբ Հաթայը միացավ Թուրքիային, քեսաբցիները բարձրանում են շրջակա լեռներն ու ապստամբում։ 9 ամիս տևած պատերազմից հետո Հռոմի 12-րդ պապի միջնորդությամբ Քեսաբը մնում է Սիրիայի սահմաններում։