Բավ է պառակտվել
20-05-2014 16:17

Թուրքիայի վթարված ածխահանքի մասին սկանդալային բացահայտում են հրապարակվել

Թուրքիայում մայիսի 13-ին ողբերգական վթարի ենթարկված Սոմա շրջանի ածխահանքի մասին, սոցիալական ցանցերում, ապա նաև Թուրքիայի էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնվել է մի փաստաթուղթ, որը բոլորովին նոր բացահայտում է անում: Տեղի «Ջումհուրիյեթ» պարբերականը, հրապարակելով վերոնշյալ փաստաթուղթը տեղեկացնում է, որ ածխահանքը մասնավոր չի եղել և 301 հանքափորի մահվան իրական պատասխանատուն հենց իշխանություններն են` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության: Նշված փաստաթուղթը մակագրված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայության անունից և վկայում է ածխահանքում կատարված ստուգայցի և զննության աշխատանքերի մասին: Ստուգայցը կատարվել է վթարից 2 ամիս առաջ` 2014-ի մարտին: Եզրակացության մեջ հստակ արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ ածխահանքում աշխատելիս է եղել 2.948 հոգի, այդ թվում 4 կին: Փաստաթղթում հստակ նշված է, որ վերոնշյալ մարդիկ աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում: Իսկ «Սոմա» բաժնետիրական ընկերության ղեկավար Ալփ Գյուրքանը, որը ներկայացվում է որպես ածխահանքի սեփականատեր, իրականում ընդամենը ենթակապալառու է և պետության թույլտվությամբ շահագործել է հանքը: Ածխահանքը սեփականշնորհված չի եղել: Գյուրքանի արդյունահանած ածխի ամբողջ պաշարի վաճառքն իրականացրել է պետությունը, հետևաբար, տեղի ունեցած ողբերգության համար քրեական պատասխանատվություն են կրում նաև պետական պատկան մարմինները:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել: