08-08-2014 09:29

Թուրք մեկնաբանը ամաչում է Էրդողանի արտահայտությունների համար

«Hürriyet Daily News» թերթում մեկնաբան Բարչըն Յընանչն իր հոդվածով անդրադարձել է Էրդողանի վիրավորական արտահայտություններին, որոնք ուղղված են եղել հայերին:

Խորհրդային Միությունը փլուզվեց 1991-ին, երբ ես սկսեցի աշխատել որպես կրտսեր դիվանագիտական թղթակից: Թուրքիան ճանաչեց բոլոր նորանկախ պետությունները: Ղազախստանից, Ղրղզստանից եւ Թուրքմենստանից պատվիրակություններ սկսեցին ժամանել Թուրքիա: Ես լուսաբանում էի այդ այցելությունները: Շատ դեպքերում ղազախներն ու ղրղզները նայում էին ինձ ու ասում, որ ես կարծես իրենց հայրենակիցը լինեմ:

Այո, մեծ հաշվով, մենք՝ թուրքերս, իսկապես եկել ենք Կենտրոնական Ասիայից, այնպես որ ինձ չէին զարմացնում նրանց մեկնաբանությունները: Ես էթնիկ թրքուհի եմ, բայց կցանկանայի մտածել, որ տիպիկ թրքուհի չեմ: Տիպիկ չեմ, որովհետեւ տիպիկ թուրքը այնպես է դաստիարակվում, որպեսզի սիրի միայն թուրքերին եւ կասկածանքով վերաբերվի բոլոր մյուսներին:

Ես այս ամենը գրում եմ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետի վերջերս արված մեկնաբանությունից հետո: «Իմ մասին էլ են շատ բան ասել: Ինձ ասել են, որ ես վրացի եմ, ավելին, մի մարդ կանգնեց եւ ավելի կեղտոտ բան ասաց՝ հայտարարելով, որ ես հայ եմ»,-ասաց Էրդողանը, կարծես թե հայ լինելը ինչ-որ զզվելի ու ամոթալի բան է:
Ես ամաչեցի, որ նա ասաց այդ խոսքերը: Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կան, որոնք զգում են այն, ինչ ես եմ զգում: Բայց որքան ենք մենք: Ցավոք՝ փոքրամասնություն: Երբ թուրքերը մնում են իրենք իրենցով, նրանք շատ հյուրասեր մարդիկ են, բայց համակարգը թուրքերին վերածում է ժողովրդի, որոնք շատ կասկածանքով են վերաբերվում այն ամենին, ինչը նրանք «օտար» են համարում: Ես ներողություն եմ խնդրում ձեզնից, բայց դա իսկապես տգեղ էր եւ ամոթալի: