Բավ է պառակտվել
16-01-2015 10:56

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Գյումրու դաժան սպանությանը

Թուրքական լրատվամիջոցները եւս անդրադարձել են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամեկտային զինծառայողի կողմից մի ամբողջ հայ ընտանիքի սպանության դեպքին։ Թուրքական Dunyabulteni կայքը գրել է. «Հայաստանի Գյումրի քաղաքի ռուսական բազայում ծառայող մի զինվոր սպանել է մի ընտանիքի 6 անդամի եւ փախել։ Նրան ձերբակալել են Թուրքիա փախնելու ժամանակ»։ Թուրքական Haber3 կայքը եւս անդրադարձել է. «Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամին սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին։ Ռուսական 102-րդ բազայում ծառայող ռուս զինվորին դատելու են ընտանիքի 6 անդամին զենքով սպանելու եւ 6-ամսական երեխային վնասվածք հասցնելու մեղադրանքով»։ Թուրքական Aktifhaber-ը գրել է նաեւ Հայաստանի նախագահի խոսքը դեպքի հետ կապված. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել է հետաքննել ողբերգության մանրամասները եւ մեղավորին պատժել։ Ըստ Սարգսյանի՝ Հայաստանում գտնվող բոլոր ռուս զինվորները ստիպված են ենթարկվել Հայաստանի օրենքներին»։ Գյումրիի դաժան սպանությանն է անդրադարձել նաեւ Թուրքիայում հայերի նկատմամբ թշնամանք եւ ատելություն սերմանող Yeni Akit պարբերականը, որի հրապարակման մեջ կարդում ենք. «Ռուս զինվորը մտել է մի տուն եւ սպանել մի ընտանիքի 6 անդամի։ Ողջ է մնացել 6-ամսական երեխա։ Դեպքը մեծ արձագանք է գտել Հայաստանում։ Գյումրիում հարյուրավորները հավաքվել եւ բողոքել են տեղի ունեցածը»։ Թուրքական Cihan լրատվական գործակալությունն էլ ընդարձակ տեղեկություններ է ներկայացրել տեղի ունեցածի հետ կապված՝ գրելով. «Գյումրիում մի ընտանիքի 6 անդամի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով բազմաթիվ քաղաքացիներ են փողոց դուրս եկել։ Գյումրիի 102-րդ ռուսական բազայի մոտ հավաքված մոտ 2000 հայաստանցիներ պահանջել են ռուս զինվորին հանձնել հայկական կողմին։ Ոստիկանությոն եւ բողոքավորների միջեւ ընդհարումներ են տեղի ունեցել։ Հավաքվածներին հանգստացնելու համար ռուսական բազայի մոտ է մեկնել Շիրակի մարզի դատախազը։ Բողոքի հավաք է տեղի ունեցել նաեւ Երեւանում գտնվող Հայաստանի նախագահի նստավայրի մոտ։ Հավաքվածները պահանջել են նաեւ սգո օրեր հայտարարել»։