31-01-2017 12:03

Թրամփն աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ իր հրամանը չկատարելու պատճառով

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին, այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է պաշտպանել ներգաղթային քաղաքականության վերաբերյալ իր հրամանը:
Յեյթսի տեղը կզբաղացնի Վիրջինիա նահանգի արևելյան շրջանի շրջանային դատախազ Դանա Բոենտեն։
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ պաշտոնանկ արված Գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալի Յեյթսը.« դավաճանել է Արդարադատության նախարարությանը՝ հրաժարվելով ի կատար ածել հրամանը, որն ուղղված է Միացյալ Նահանգների քաղաքացիների պաշտպանությանը»:
Յեյթսին անվանել են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նշանակված անձ, ով թուլություն է դրսևորում ապօրինի ներգաղթի հարցերում:
« Ներկա պահին ես համոզված չեմ, որ հրամանը կատարելը համընկնում է մեր պարտականությունների հետ, և որ այդ հրամանն օրինական է», - գրել է Յեյթսը երկրի Արդարադատության նախարարության պաշտոնյաներին ուղղված հուշագրում: Նա նաև հավելել է, որ դեռևս կատարում է գլխավոր դատախազի պարտականությունները. «Արդարադատության նախարարությունը փաստարկներ չի բերի ի պաշտպանություն օրինագծի ՝քանի դեռ ես համոզված չեմ, որ այն իրոք օրինական է»:
Յեյթսը կոչ է արել փաստաբաններին չպաշտպանել հրամանը այն նահանգներում, որոնք դրա դեմ դատական հայցեր են ներկայացրել:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով 90 օրով արգելվում է որոշ մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Բացի այդ 120 օրով արգելվում է այդ երկրներից փախստականների ընդունումը: